
Մանկապարտեզում երեխաների թունավորման հետազոտության արդյունքները դեռևս պարզ չեն

Դեռևս չեն ստացվել հետազոտության արդյունքները այն մասին, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզի երեխաների մի մասը: Այս մասին 168.am-ին ասաց մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը. «Անալիզի արդյունքները դեռ չկան: Սպասում ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել 13 երեխա: Թունավորվածները 3-6 տարեկան երեխաներ էին: Նրանք սրտխառնոց, փսխում էին ունեցել, որոնք, ըստ Առողջապահության նախարարության` առաջացել էին սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Բարեբախտաբար, երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվում է բակտերոլոգիական հետազոտություն. նախատեսված է, որ դրա արդյունքները կստացվեն այսօր: