Սուպերմարկե՞տ, թե՞ թանգարան
«Ամերիա» ՓԲԸ-ի «Արագ սպառման ապրանքների շուկան պահանջարկի տեսանկյունից» հետազոտությունը հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս հայկական սովորությունների վերաբերյալ։
Ըստ այդ հետազոտության, ընդհանուր առմամբ, օրական սուպերմարկետներ է այցելում շուրջ 370 հազ. մարդ, որոնցից միայն 40%-ն է գնումներ կատարում: Սա նշանակում է, որ Երևանում բնակվող 10-ից 6 հոգին սուպերմարկետ են այցելում «ֆռֆռալու» համար։ Ստացվում է, որ Երևանում 222 000 մարդ այնքան պարապ է, որ ժամանակ ունի ամեն օր սուպերմարկետներում աննպատակ շրջելու։
Ըստ նույն հետազոտության, Երևանի չափահաս բնակչության մոտ 42%-ը գրեթե ամեն օր հաճախում է սուպերմարկետ: Ընդ որում, հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ հայաստանյան սուպերմարկետների սեփականատերերը պետք է «մաղարիչ» անեն բոլոր ամուսնացող զույգերին և բոլոր հնարավոր միջոցներով նպաստեն ամուսնությունների թվի աճին։ Որովհետև, ըստ «Ամերիայի» հետազոտության, ամուսնությունից հետո կանանց ակտիվությունը (սուպերմարկետ այցելելու առումով) ավելանում է 2.2 անգամ, տղամարդկանցը` 1.7 անգամ: