«Մեխշին» ընկերության տնօրեն. «Կարևորը շիննորմաների պահպանումն է»
«Որակի սերտիֆիկատը չի տրվում շենքերին, այլ տրվում է այն ապրանքներին, որոնք օգտագործվել են շենքերի կառուցման ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող «Մեխշին» ընկերության հիմնադիր Փիրուզա Աբաջյանը:
«Մենք աշխատել ենք այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Հրազդանի հինգերորդ էներգաբլոկը (չինական կազմակերպության հետ ենք աշխատել), Renco ընկերությունը ՝ Piazza Grande-ի կառուցման ժամանակ: Մելիք-Ադամյան փողոցի վրա կառուցվող «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության հետ համատեղ ենք աշխատել: Այժմ էլ իրականացնում ենք տեխնիկական վերահսկողություն Վեհափառի նստավայրի կառուցման աշխատանքներում»,- ասաց Փ.Աբաջյանը:
Հարցին, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ որակի սերտիֆիկատը չի համապատասխանել իրականությանը, ինչի արդյունքում տեղի է ունեցել պատահար, Փ.Աբաջյանը պատասխանեց. «Ոչ: Սերտիֆիկատը մենք ոչ թե շենքին ենք տրամադրում, այլ տվյալ արտադրանքին: Օրինակ, մենք շինանյութի փորձանմուշ ենք վերցնում կառուցվող շենքերից և տալիս ենք սերտիֆիկատ: Կառուցապատող ընկերությունը պետք է հրավիրի նմուշներ վերցնելու համար»:
Ըստ Աբաջյանի, ներկրվող ցանկացած շինարարական ապրանքի համար պատասխանատու է տեխնիկական հսկիչը. «Տեխնիկական հսկիչն առաջին մեխից՝ մինչև շենքի վերջնական շինմոնտաժային աշխատանքների իրականացումը պետք է լինի շինարարության կենտրոնում: Ցավոք, Հայաստանում այդ կուլտուրան դեռևս չի զարգացել այնքան բավարար մակարդակով, որ հսկիչներն իմանան իրենց աշխատանքը: Հսկիչներ կան, որոնք չգիտեն, թե ինչ է տեխնիկական կանոնակարգը»։
Ըստ Փիրուզա Աբաջյանի, կառուցապատող ընկերությունները շահագրգռված են շինանյութերի լավ որակի լինելու մեջ: «Անշուշտ, կառուցապատող ընկերությունը շահագրգռված է, որ լավ շինանյութ օգտագործի իր շինության կառուցապատման ընթացքում: Սակայն շինության ամրությունը կախված է նաև նախագծումից: Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ այն, որ Հայաստանում կառուցվող շենքերը պետք է լինեն սեյսմակայուն»,- ասաց Փ.Աբաջյանը:
Հարցին, թե որն էր Խանջյան 20 կիսակառույցի փլուզման պատճառը, Փ. Աբաջյանը պատասխանեց. «Եթե շինարարության հետ որևէ բան կատարվում է, նշանակում է, որ ինչ-որ նորմայի խախտում է տեղի ունեցել: Ուրեմն շինարարական նորմատիվներ են խախտել: Հարկավոր է կառուցել նախարարության կողմից հաստատված նորմատիվների համապատասխան: Եթե խախտվում են՝ տեղի է ունենում փլուզում: Հիմա դա ում մեղքով է տեղի ունեցել՝ շինարարի՞, թե ՞տեխնիկական հսկիչի, կպարզեն քննության ընթացքում»: