«Ծառուկյանը չի կարող լինել ՀԱԿ-ի թեկնածուն»
«Ընդդիմությունը գաղափարական ուղղվածությամբ չէ որոշվում, ընդդիմության հիմնական խնդիրը բարոյականության և անբարոյականության հակադրումը պետք է լինի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը:
«Ինձ համար միանշանակ է, որ ընդդիմությունը միշտ պետք է ավելի բարոյական, ավելի ազնիվ, ավելի մաքուր և սկզբունքային լինի, քան իշխանությունը: Իհարկե, սա չի ենթադրում, որ իշխանությունը պարտադիր պետք է լինի անբարոյական: Ընդդիմությունը պետք է լինի արդար, ազնիվ, օրինապաշտ: Եթե այդպես չէ, ապա, իմ գնահատմամբ, ընդդիմություն չկա: Այս հարցում է, որ այօրվա ընդդիմությունը թերանում է»,- ասաց Ս.Գիմիշյանը, ում կարծիքով ընդդիմության պառակտված լինելու հիմնական պատճառը սա է:
«Ցավում եմ, բայց մեր երկրում վերջերս շատ վտանգավոր միտումներ են սկսվել. մարտնչող տգիտությունը մեզ համար սովորական բան է դարձել, բայց վերջերս առաջացել է մարտնչող անբարոյականությունը»,- նշեց նա:
Իսկ հարցին` Ս.Գիմիշյանը համաձայն է ՀԱԿ մի շարք անդամների այն մոտեցման հետ, որ իշխանափոխության համար բոլորի հետ կարելի է համագործակցել ցանկացածի, նա պատասխանեց. «Ես հիմնականում կողմնակից եմ նրան, որ նպատակը չի արդարացնում միջոցները, սատանայի հետ չի կարելի համագործակցել, որպեսզի այս իշխանություններից ազատվել: Այս իշխանությունը շատ ավելի լավն է, քան սատանան, ինչքան էլ ես ընդդիմադիր լինեմ, ինչքան էլ քննադատեմ: Ինչ վերաբերում է անորոշությանը, որոշակիություն կլինի այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր որոշումը կայացնի:
Քանի այդ որոշումը չկա, ինչ էլ խոսենք, ընդամենը կանխատեսումներ կլինեն: Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը ոչ միայն պետք է, այլ պարտավոր է առաջադրվել` որպես ՀԱԿ-ի առաջնորդ, և գտնում եմ, որ ՀԱԿ-ը մեկ թեկնածու կարող է ունենալ. դա Լ.Տեր-Պետրոսյանն է, այլ թեկնածու չի կարող ունենալ»:
Ս.Գիմիշյանը բացառեց, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել ՀԱԿ-ի թեկնածուն` ի պատասխան հարցին` հնարավո՞ր է, որ Գ.Ծառուկյանը լինի Լևոն-Տեր-Պետրոսյանի թեկնածուն: «Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն ցանկացածը կարող է լինել, ՀԱԿ-ի թեկնածուն չի կարող լինել Ծառուկյանը»,- ասաց Ս.Գիմիշյանը: