«Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի մեղքը բարդեցին իր գլխին…»
Ասում է Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը
Հայտնի «Փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը, քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Շաբաթ օրը կտրուկ վատացել է նրա ամուսնու առողջական վիճակը, և ինքը ստիպված է եղել զանգահարել շտապօգնություն: «Իր պրիստուպներն էին բռնել, վատացել էր: Շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք Քանաքեռի հիվանդանոց, որտեղ մեզնից ուղղակի 160.000 դրամ ուզեցին, որ վիրահատեն: Դե, ինքն ուռուցք ունի, դրա համար պիտի վիրահատեին»,- ասաց Մ. Բոզոյանը:
Վերջինս նույնպես հիվանդ էր, ինչի պատճառով աշխատանքի չէր գնացել: Հիշեցնենք, որ 168.am-ին տված հարցազրույցում Մարինե Բոզոյանն ասել էր, որ իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այդ իսկ պատճառով հայտնվել են անելանելի վիճակում: Երեկ Մ. Բոզոյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ այս ընտանիքն օր օրի ավելի սարսափելի վիճակում է հայտնվում:
Երբ հետաքրքրվեցինք, թե այսօր մամուլում իր ամուսինն ասել էր, որ վարկ են վերցնելու վիրահատության համար, Մ. Բոզոյանն ասաց. «Այսօր ուզում էինք անել էդ գործը: Ես պիտի վարկը վերցնեի, բայց քանի որ անձնագրիս ժամկետն անցել էր, հետաձգեցինք: Պիտի անձնագրիս ժամկետը երկարացնեմ, որ կարողանամ վերցնել վարկը: Անպայման պիտի վերցնենք վարկը, հենց վերցնենք` էդ օրն էլ կվիրահատենք»:
Իսկ ինչ վերաբերում է Սերոբ Բոզոյանի հոգեվիճակին, տրամադրությանը, ապա Մ. Բոզոյանը նշեց. «Ավելի է վատացել: Ինքն իր ապրումներից էդպես եղավ: Արյունահոսություն էր ունեցել, ու ես զանգեցի շտապօգնություն»:
Հարցին, թե ինչո՞ւ են այդ վիճակում Ս. Բոզոյանին հիվանդանոցից տուն տեղափոխել, Մարինե Բոզոյանը պատասխանեց. «Ինչո՞վ մնանք… Այս ամիսներին ես եմ միայն աշխատում, և պիտի մուծում անեի, որ ինքը պառկեր հիվանդանոցում»:
Մարինե Բոզոյանից հետաքրքրվեցինք «Փուչիկների գործից», թե արդյո՞ք այս ժամանակահատվածում Ս. Բոզոյանի մոտ ցանկություն չի առաջացել պատմել ճշմարտությունը, որը նա թաքցնում է: Ի պատասխան, Մ. Բոզոյանն ասաց. «Հանկարծ այդ բառը (թաքցնել.- Մ. Մ.) ոչ մի տեղ չասես, խնդրում եմ, որովհետև բոլորը գիտեն, թե ինչից է եղել: Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի մեղքը բարդեցին իր գլխին… Իրենք 4 հոգով էին… Էդ հարցն էլ է ինձ շատ տանջում, թե ինչո՞ւ միայն իմ ամուսինը պետք է պատասխանատվություն կրեր»:
Հարցին, թե փուչիկների լիցքավորման դիմաց ստացած գումարը հավասարապես կիսե՞լ են չորս հոգու միջև, Մարինե Բոզոյանը պատասխանեց. «Ի՞նչ գումար: Ոչ, գումար չեն տվել»:
Մեր հարցին, թե այսինքն` ՀՀԿ-ն, որը պատվիրել էր այդ չարաբաստիկ փուչիկները, մինչ օրս չի՞ վճարել գումարը, Մ. Բոզոյանը պատասխանեց. «Այո՛, այդ ամբողջն անվճար է լիցքավորել, պետք է վերջացներ, որ հետո տային գումարը»:
Մ. Բոզոյանի խոսքով` իրենք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, և պայքարելու են մինչև վերջ: