ՀԱԿ գործիչները փորձում են բացատրել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեռևս չառաջադրվելու հանգամանքները
168.am-ը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին, ով արդեն իսկ հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, խնդրեց անդրադառնալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե` «քաղաքական ուժերը պետք է վերլուծեն քաղաքական իրավիճակը, որից հետո առաջադրեն իրենց թեկնածուներին: Ավելորդ շտապողականությունը տեղին չէ: Տեսեք, թե ով է հապշտապ հայտարարել թեկնածու առաջադրելու մասին՝ ամենաթույլերը: 3-4 թեկնածուներ, իրենց թուլությանը համապատասխան»:
Ի պատասխան, Արամ Կարապետյանն ասաց. «Կարծում եմ, որ ՀԱԿ գործիչները հիմա փորձում են ամեն կերպ բացատրել Լևոն Տեր-Պետրոսյանի դեռ չառաջադրվելու հանգամանքները: Իրենք ունեն գործողությունների իրենց սցենարները և արգումենտները, մենք՝ մերը»:
Մեր հարցին, թե` նման հայտարարություններով ՀԱԿ-ն արդարացնում է իրեն` մյուս թեկնածուներին «սևացնելո՞վ», Ա. Կարապետյանը պատասխանեց, որ՝ ոչ թե «սևացնելով» մյուսներին, այլ արգումենտներ փնտրելով:
Նաև հավելեց, թե ինքը չի համարում, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու հարցում շտապել է: