Արամ Մանուկյանը ԲՀԿ-ին մարտի 1-ի մեղավոր այլևս չի համարում
aravot.am-ի փոխանցմամբ` ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր վերահաստատել է, որ դեռ օգոստոսին ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելու որոշում է ընդունել:
Առաջիկա նախագահական ընտրություններում կսատարե՞ն ԲՀԿ թեկնածուին, պարոն Մանուկյանն այդպես էլ չի հստակեցրել. «Որոշումը եղել է ու գործունեության մեջ է: Այդ ֆորմատը համարում եմ աշխատող… Որևէ կոմպլեքս չունեմ, քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցելու: Թեկնածուն ածանցյալն է: Մենք ունենք հզոր թեկնածու՝ բոլոր մարտահրավերների դեմ առնելու, թեկնածուի դեֆիցիտ չունենք: Յուրաքանչյուր կուսակցություն կանի իր առաջարկները, հետո քննարկումների դաշտում կտեսնենք, ինչպես կստացվի»:
Հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որին 2008-ի մարտի 1-ի կազմակերպման մեղավորներից էր համարում, պարոն Մանուկյանը պատասխանել է. «Ես գնահատում եմ ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումները՝ կոալիցիայից դուրս գալու և Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու գործում: Ձեր ասած մեղադրանքը կարող է լինել նաև ՀՀԿ-ի ու ՀՅԴ-նկատմամբ: Ես ընդունում եմ նրանց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձևավորելու համար, եթե ԲՀԿ-ն ունի որոշակի ձայներ և հայտարարում է հակաիշխանական կոալիցիա, ես ողջունում եմ: Նույն վերաբերմունքն ունեմ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք գտնում են, որ Հայաստանում կա սպառման, մսխման, վերացման վտանգ և ուզում են այս խնդիրը լուծել, դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, ես ողջունում եմ: Այսօր ԲՀԿ-ն ունի 36 մանդատ Աժ-ում, երբ ուզում եմ մարտի 1-ի բանաձևն անցկացնեմ ու նրանք կողմ են քվեարկում, ես դա համարում եմ համագործակցություն: ԵԹԵ ՀՀԿ-ից որեւէ քաղաքական ուժ դուրս կգա իշխանափոխության պլատֆորմ և Սերժ Սարգսյանի հեռացման հարց կդնի, ես դա կհամարեմ նորմալ երևույթ»:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն էր կանգնած մարտի 1-ի կազմակերպման հետևում, պարոն Մանուկյանը չի հստակեցրել.«Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերը: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Նա բացատրել է, որ ավելորդ շտապողականությունից խուսափելու ու քաղաքական դաշտն ուսումնասիրելու պատճառով է, որ ՀԱԿ-ը դեռ չի հայտարարում իր թեկնածուին. «Շուտ հայտարարելը պետք չէ, մի հատ նայեք` ովքեր են հայտարարել` ամենաթույլերը»: