ՀԱԿ քաղխորհուրդը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին որոշում չի ընդունել. Սոս Գիմիշյան
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ ՀԱԿ քաղխորհրդում խոսակցություններ են եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Սոս Գիմիշյանը:
«Դժվարանում եմ դա քննարկում կոչել, որովհետև որոշում քաղխորհուրդը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին չի ընդունել: Այս հարցի շուրջ ավելի շուտ խոսակցություններ են եղել: Մենք խոսել ենք այդ համագործակցության նպատակահարմարության, իմաստի մասին: Այդ խոսակցությունները զուտ ինֆորմացիոն բնույթ են կրել: Օրինակ՝ խորհրդարանական ինչ-որ նախագծի շուրջ կամ Ընտրական օրենսգրքի հետ կապված կարող է համագործակցություն լինել և այլն: Մի խոսքով, լուրջ քաղաքական համագործակցության խոսակցություններ կամ որոշում չի եղել»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Մեր հարցին՝ թե արդյոք այդ «խոսակցությունների» ընթացքում անդադարձ եղե՞լ է նաև նախագահական ընտրություններում երկու կուսակցությունների համագործակցության մասին, Սոս Գիմիշյանը` բացասական պատասխան տվեց. «Ոչ, նման թեմա մենք չենք քննարկել: Ընդհանրապես՝ այդ թեմայով, թե նախագահական ընտրություններում հնարավոր է համագործակցություն լինի, չի եղել: Քաղխորհրդում ի սկզբանե այս հարցի վերաբերյալ տարաձայնություններ կային: Եթե հիշում եք` դեռևս հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այս հարցի շուրջ կոնսենուս չկա: Հենց այս ժամանակ են այդ քննարկումները եղել, այն էլ ոչ թե պաշտոնական ձևաչափով, այլ մասնավոր քննարկումների տեսքով: Դրանից հետո որևէ այլ որոշում կամ մոտեցում քաղխորհրդի կողմից ՀԱԿ-ը չի ընդունել»,- նշեց ՀԱԿ քաղխորհդի անդամը:
Սոս Գիմիշյանը նաև հավելեց, որ ՀԱԿ-ում մի խումբ քաղաքական ուժեր կան, որոնք չեն ընդունում այս համագործակցությունը, մյուսներն էլ՝ նպատակահարմար են համարում, դրա մեջ որևէ իմաստ են գտնում: «Այն մասը, որը դեմ է, մասնավորապես՝ ես, որոշել ենք պարզապես չխանգարել»,- բացատրեց նա:
Հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ում առկա քաղաքական ուժերի տարաձայնություններն են պատճառը, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հարցը պաշտոնապես չի քննարկվում քաղխորհրդում, թե՞ կան ուրիշ պատճառներ, Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որն արդեն 15 տարի է իշխանություն է ներկայացնում ու չկա վստահություն, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն է:
«Ճիշտ է, ՀԱԿ տարբեր գործիչներ ինչ-որ ռևերանսներ ԲՀԿ-ի ուղղությամբ արել են, բայց ԲՀԿ-ից որևէ արձագանք, որ այդ համագործակցությունը հնարավոր է` չի եղել»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «168 Ժամ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե օգոստոս ամսին ՀԱԿ քաղխորհրդում որոշում է կայացվել ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: