Բանդայի գործով տուժողը գոհ է քննիչների աշխատանքից

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդայի գործով այսօրվա նիստում տուժող Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սերիկ Սողոյանը, հայտարարել է, որ 2011թ. հունիսի լույս 1-ի գիշերն իրենց տուն ներխուժած անձինք 5-6 հոգի էին՝ դիմակավորված, սև շորերով, ձեռնոցներով:

Այն հարցին, թե արդյոք ամբաստանյալները ավազակային հարձակման մասնակիցնե՞րն են, տուժողը պատասխանել է, որ իր տպավորությամբ, քննիչները լավ են աշխատել:

Տուժողը հայտնել է նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը արհեստական վրացական ակցենտով հարցնում էր «գդե զոլոտո, գդե դենգի»՝ որտեղ են ոսկեղենն ու փողերը: Նրանք ցանկանում էին տպավորություն ստեղծել, թե հարձակումը վրեժ է (տուժողի ամուսինը երկուսուկես տարի առաջ եղել է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ տնօրենը), սակայն գնալով համոզվել է, որ դա «ընդամենը խուճապի մեջ գցելու սովորական մեթոդ է»:

Տուժողը ներկայացված ձայնագրություններից ճանաչել է իրենց «այցելած» խռպոտի՝ Գուրգեն Հայրապետյանի ձայնը, ով փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, ժայռից վայր էր ընկել և մահացել:

Կարդացեք նաև

Անկոչ հյուրերը կապկպել են տան անդամներին, տնից տարել չհրկիզվող պահարանը, որում եղել է 20-25 հազար դոլար և դստեր ոսկեղենը:

Տուժողի դստեր` տուժող Լիլիթ Բեզոյանի վկայությամբ, շուկայական գներով ոսկեղենը գնահատվում է 180 հազար դոլար: Նրա զարմուհին՝ Մանե Սողոյանը հայտարարեց, որ եթե չլիներ այլուրեքության մասին հայտարարությունը, ինքը կասեր, որ 100 տոկոսով ճանաչում է «հյուրերից» մեկի՝ Արթուր Մանուկյանի, ձայնը: Վերջինս դատարանի դահլիճում հայտարարեց, որ հարձակմանը չէր կարող մասնակցել, որովհետև Հայաստանում չի եղել:

Տուժող, ոսկու շուկայում «ադամանդի որակավորող» Ատոմ Ղազազյանի կինը՝ տուժող Զարուհի Ղազազյանը, հայտնեց, որ անցյալ տարվա մայիսի լույս 18-ի գիշերը իրենց տուն էին ներխուժել դիմակավորված 5 անձինք: Սոսնձվող ժապավենով «հերմետիկ կապկպել» տան անդամներին, ովքեր տարբեր սենյակներում էին գտնվում, ամուսնուն շատ են տանջել, ծեծել, պահանջել փող ու ոսկի, սպառնացել, որ երեխաներին «կմորթեն», մեկը մյուսին հրահանգել՝ զենքին խլացուցիչ հագցնել ու սպանել որդուն:

Հարձակվողները տնից տարել են շուկայական գներով 24 մլն դրամ արժողության ոսկեղեն, երկու թանկարժեք ժամացույցներ՝ 31 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, հնություններ, 1200 դոլար:

Տուժողը ճանաչեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, ում ոստիկանները բերել էին իրենց տուն՝ քննչական գործողության: Նա շատ վատ վիճակում էր, ուղեկցողների օգնությամբ էր աստիճանները բարձրանում:

Տուժողի որդին՝ Ավետիք Ղազազյանը նշեց, որ վերջինս իրավապահներին ցույց էր տալիս որ պատուհանից են ներս մտել, գումարն ու ոսկեղենը որտեղից են վերցրել:

Նոյեմբերի 12-ի նիստում տուժողների հարցաքննությունը կշարունակվի:

Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք:

Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (ով խմբի վնասազերծման ժամանակ վայր է ընկել ժայռից ու մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:

Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:

Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:

Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:

Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:

Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս