ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Եղիազարյանը փախուստի մեջ է
Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է «Աշոտ Եղիազարյանի» գործով Մաքսիմ Կլոչինի փաստաբան Վալենտինա Սիզովայի հսկողական բողոքը և ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ենթադրյալ մեղսակցին է վերադարձրել արգելանքի տակ գտնվող բնակարանը:
Հիշեցնենք, որ 2011թ. մայիսի 23-ին Բասմանյան շրջանի դատարանը արգելանքի տակ էր դրել Կլոչինին պատկանող երկու բնակարանները, իսկ նույն տարվա հուլիսի 11-ին վերաքննիչ ատյանը որոշել էր, որ այդ արգելանքն օրինական է: Սակայն Կլոչինի փաստաբան Սիզովան պահանջել է հսկողական քննություն: Ինչպես պարզաբանել է վերջինս «գործը վերաբերում է երրորդ անձի սեփականության իրավունքի խախտմանը, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում Մաքսիմ Կլոչինի գործողությունների համար»: Սիզովան նշել է, որ «խախտվել է գույքի արգելանքը կարգավորող ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածը: Բնակարանը չի առնչվում հանցավոր գործունեությանը, այն ձեռք է բերվել մինչև Կլոչինի ծնվելը», բացի այդ «սեփականաշնորհվել է հոր և որդու կողմից՝ առանց որոշակի մասնաբաժնի» և, վերջապես, հանդիսանում է Կլոչին-ավագի և նրա կնոջ միակ բնակվելու վայրը: «Արգելանքը երրորդ անձի սեփականության իրավունքի սահմանափակում է: Որոշումն անօրինական է և դատավճիռը պետք է չեղյալ համարվի»,- ասել է փաստաբանը:
Դատախազ Վլադիմիր Վեդերնիկովը, չհամաձայնելով այդ տեսակետին, ասել է, որ «այդ բնակարանի արգելանքը սեփականության և հոր այնտեղ ապրելու իրավունքը չեղյալ չի համարում և նա կարող է դրանից օգտվել», ուրեմն որոշումը պետք է թողնել անփոփոխ:
Ինչևէ, բայց Մոսկվայի դատարանի նախագահությունը Բասմանյան շրջանի դատարանի դատավճիռը չեղյալ է համարել և գործն ուղարկվել է առաջին ատյան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Право.Ru» կայքը գրել էր, որ 2012թ. մարտին խոշոր չափի կողոպուտի մեջ մեղադրվող և այս պահին ռուսական քննիչներից արտասահմանում թաքնվող ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի և նրա օգնական Վիտալի Գոգոխիայի դեմ հարուցվել է ևս մեկ քրեական գործ: Նրանք կասկածվում են «խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով» ձեռներեց Միխայիլ Անանևից «Инвест-Центр» ԲԲԸ-ի 5 մլդ 962 մլն ռուբլու ընդհանուր արժեքով արժեթղթերը ձեռք բերելու մեջ: Այս նոր քրեական գործը միացվել է Ռուսաստանի դաշնային ունեցվածքի հիմնադրամի պետի նախկին տեղակալ Միխայիլ Անանևի և գործարար Վիտալի Սմագինի ունեցվածքի կողոպուտի քննությանը:
Ինչ վերաբերում է առաջին գործին, ապա դրա շրջանակներում, ինչպես կարծում է քննչական կողմը, 2006-2010թթ. Եղիազարյանն իր եղբոր՝ Արտեմի, Գոգոխիայի, Կլոչինի և դեռ չհաստատված այլ անձանց հետ «խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով ձեռք է բերել Վիտալի Սմագինին պատկանող սեփականությունը, իսկ առավել ստույգ ՝ «Центурион Альянс» ՓԲԸ-ի 1մլդ 575 մլն ռուբլի արժեքով արժեթղթերի 20 տոկոսը:
Բոլոր ենթադրյալ մասնակիցները դատարանի որոշմամբ հեռակա կարգով ձերբակալվել են: Անանևի փաստաբան Ռուբեն Մարկարյանի տեղեկացմամբ Կլոչինը, ինչպես և Եղիազարյանը հիմա գտնվում են ԱՄՆ-ում, իսկ Գոգոխիան՝ Վրաստանում: