Բաժիններ՝

Ուր է կորում 107 միլիարդը

Նախատեսվում է, որ 2013թ. բյուջեն 107 միլիարդ դրամով ավելին կլինի, քան 2012-ինը: Չնայած բյուջեն ավելանում է, սակայն մարդկանց կենսամակարդակն անկում է ապրում, քանի որ ավելացած գումարը չի գնում սոցիալական խնդիրների լուծմանը` աշխատավարձերի, սոցիալական նպաստների կամ կենսաթոշակների ոչ մի ավելացում չի նախատեսվում:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեն բնորոշում է որպես սոցիալական, այն դեպքում, երբ մարդկանց կենսամակարդակը մյուս տարի ավելի է իջնելու»,- երեկ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Իսկ ո՞ւր է գնում այդ 107 միլիարդը, ի՞նչ սկզբունքով է բաժանվելու և ի՞նչ նպատակներով է այն ծախսվելու:

Երեկ ԱԺ-ում պատգամավորներից մի քանիսը հարց ուղղեցին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին` պարզելու, թե ինչ նպատակների համար է ծախսվելու ավել հավաքվող գումարները:

Ըստ Սաֆարյանի` այդ գումարից 50 միլիարդը գնալու է բյուջեի պակասուրդի` դեֆիցիտի նվազեցմանը, իսկ մնացած գումարը որոշակի համամասնություններով բաժանվելու է տարբեր նախարարությունների միջև, որոնցից ամենաշատը` 8,2 միլիարդը հասնելու է Պաշտպանության նախարարությանը:

ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով կառավարության գործունեության ամենաարմատական քննադատն է, հայտարարեց, որ այն, ինչ անում է կառավարությունը, անթույլատրելի է, և հարցրեց, թե ում պատվերով է կառավարությունը պակասեցնում բյուջեի դեֆիցիտը, երբ այն առանց այն էլ բավական ցածր է: 2012թ. բյուջեի դեֆիցիտը 2,64 տոկոս է, և ըստ Բագրատյանի` եթե կառավարությունը ևս 50 միլիարդ է ուղղում դեֆիցիտի պակասեցմանը, ապա դա նշանակում է, որ 2013թ. մենք ունենում ենք 1,5 տոկոսանոց դեֆիցիտ, որն աննախադեպ է համաշխարհային պրակտիկայում:

Ըստ Բագրատյանի, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 12 տոկոս է, եվրոպական բազմաթիվ երկրներում այն տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում: «Ես, որ բյուջեի փոքր դեֆիցիտի կողմնակից եմ, սա համարում եմ չափազանց»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
Կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք ևս. պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համանման հարցին, Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ 2013թ. 40 միլիարդ դրամով ավելի շատ գումար է ուղղվելու արտաքին պարտավորությունների մարմանը, բայց, թե որտեղից է գոյանում այդ 40 միլիարդը, դարձյալ անհասկանալի է:

Պարզ ասած, 2013թ. բյուջեի նախագծով այնպիսի ծախսեր և վճարումներ են նախատեսվում, որոնք ոչ մի մաթեմատիկական տրամաբանության չեն ենթարկվում:

Հ.Գ. Նախորդ օրը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հեգնանքով ասել էր, որ ստվերային տնտեսությունը չի կարելի տասներորդական տոկոսներով հաշվարկել: Հրանտ Բագրատյանը երեկ մեզ ներկայացրեց «Բիզնես ուիք» հանդեսի կազմած «Աշխարհի ամենամեծ ստվերային տնտեսություն ունեցող երկրների» ցանկը, որտեղ Հայաստանի դիմաց նշված է 51,7 տոկոս ցուցանիշը: Ըստ Բագրատյանի` այս կառավարությունը 2008թ. սկսել է 44,6 ցուցանիշով և ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում այդ թիվը հասցրել է ավելի բարձրացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս