Քրեակատարողական համակարգի աշխատավարձերը պետք է բարձրացնել

ԱԺ անկախ պատգամավոր  Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով  Կառավարության՝ 2013թ պետական բյուջեի նախագծին՝ ասաց. «Ըստ էության, փորձ է արվում պահպանել նախորդ տարվա ցուցանիշները, այսինքն՝ գոնե, եթե  ինչ-որ բան չի ավելանում, չպակասեցնեն»:

Իսկ հարցին, թե որպես իրավաբան՝ արդյոք չի՞ պատրաստվում խոսել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի մասին, Է. Մարուքյանը պատասխանեց. «Աշխատավարձերը չի բարձրանում: Կալանավորի համար նախատեսված գումարը չի բարձրանում, և քրեակատարողական համակարգում աշխատավարձերը չեն բարձրանում: Ես այդ հարցը նախարարին տվել եմ նաև բյուջեի կատարողականի ժամանակ» :

Է. Մարուքյանի խոսքով՝ քրեակատարողական համակարգի աշխատակիցներն աշխատում են շատ ծանր պայմաններում: «Այսօր շատ դժվար է պահել քրեակատարողական հիմնարկների մասնագետներին: Եվ դա իր ազդեցությունն ունի, բնականաբար, կոռուպցիայի դեմ պայքարի և այլնի շրջանակներում: Այսինքն՝ մարդուն տալիս ես, ենթադրենք՝ 60.000 կամ թեկուզ 100.000 դրամ, և ասում ես՝ գնա քրեակատարողական հիմնարկում ծառայի, այդ ռիսկային պայմաններում… Դա շատ բարդ ծառայություն է: Այդ մարդը պետք է լավ վճարվի:

Մյուս խնդիրը, որ ցանկանում եմ բարձրացնել՝ պայմանավորված է հավելավճարներով: Քրեակատարողական  հիմնարկի ծառայողի աշխատավարձը ձևավորվում է հավելավճարով, այսինքն՝ գումար, հետո՝ հավելավճարներ, այնուհետ, երբ այդ մարդն անցնում է թոշակի, իր ստացած  հավելավճարների գումարը չի հաշվարկվելու թոշակի մեջ, այլ հաշվարկվելու է բազային աշխատավարձը, որը շատ ցածր է: Այսինքն՝ ինչո՞ւ նրա աշխատավարձը չի բարձրացվում, որ այդ հավելավճարները մտնեն աշխատավարձի մեջ, որ հետո թոշակի անցնելուց նորմալ թոշակ ստանա»,- նշեց պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս