Մեղադրյալ Արման Խաչատրյանի մայրը վիրավորել է տուժողներին
«Հարսնաքարի» գործով տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն այսօր դատարանում հայտարարեց, որ նախորդ դատական նիստից հետո մի կին «հարձակվել է» տուժողների վրա և անպարկեշտ արտահայտություններ արել տուժողների հասցեին, և այսօր այդ կինը գտնվում է դատարանում:
Լուսինե Հակոբյանը ցանկանում էր պարզել այդ կնոջ ինքնությունը, որպեսզի կարողանա պատշաճ կարգով՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով դիմել դատարան:
Տիկինը Սուսաննա Դավթյանն էր, ով մեղադրյալ Արման Խաչատրյանի մայրն է: Նա դատարանում հայտարարեց, թե ինքը ոչ մեկի վրա չի հարձակվել և որևէ մեկին չի վիրավորել:
Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Նարինե Թովմասյանը նույնպես հայտարարեց, թե նման բան չի եղել: Նա ասաց, որ նախորդ դատական նիստից հետո ինքը վերջինն է դուրս եկել դատարանի շենքից և նման բան չի եղել:
Մեղադրող Արթուր Դավթյանն առաջարկեց, որպեսզի նախազգուշական միջոցներ ձեռնարկվեն տուժողների անվտանգությունն ապահովելու և հետագայում հնարավոր ճնշումները կանխելու նպատակով:
Հավելենք, որ այսօր դատական նիստում հարցաքննվում է տուժող Արտակ Բայադյանը: Մանրամասներն` առաջիկայում: