
Գյուղնախարարությունը ցեցի դեմ պայքարում է ցորենի սերմացուով

Արարատի և Արմավիրի մարզերի ցեցով հիվանդ տարածքները, ըստ ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի, գտնվում են նախարարության հսկողության տակ: Նշենք, որ ամիսներ առաջ, գյուղացիները բողոքում էին ցանքատարածություններում հայտնված հիվանդության մասին, որը ոչնչացնում էր մորմազգի մշակաբույսերը:
Այդ հիվանդությունը կանխարգելելու համար ոչ մի լուրջ քայլ չարվեց: Ինչպես այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը, ցեցի դեմ բոլոր պայքարի միջոցներն անարդյունավետ են: Միակ արդյունավետ միջոցը` մի քանի տարի ցեցով վարակված տարածքներում նույն մշակաբույսից չցանելն է: «Այդ վնասատուները չեն ունենա ոչինչ, որով կկարողանա սնվել, և առավելագույնը 3 տարվա ընթացքում կվերանան: Նրանք սնվում են միայն մորմազգի մշակաբույսերով»,- ասաց Գրիշա Բաղյանը:
Նշենք, որ մորմազգի մշակաբույսեր են համարվում կարտոֆիլը, լոլիկը, պղպեղը, որոնց ցանքատարածությունների այդ տարվա տերերը հիվանդության պատճառով մեծ վնասներ են կրել: «Գյուղնախարարությունը շատ ֆերմերայի տնտեսություներին արդեն տրամադրել է ցորենի սերմացում, որպեսզի ցեցով հիվանդ տարածքները զբաղեցնեն այդ մշակաբույսով»,- ասաց Գրիշա Բաղյանը: