«Չթողնեի՝ պիտի ասեին՝ չեմ թողել, իրավունքները սահմանափակել են, թողել եմ՝ հիմա ինձ ասում եք՝ ինչի՞են գնացել»
Այսօր ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձավ պատգամավորների այն հայտարաություններին, թե Կարեն և Նաիրի Հունանյանները հայտնվել են հոգեկան ծանր վիճակում:
«Ո՞ր օրվանից մեր պատգամավորները բժիշկ-փորձագետ կդառնան, էդ օրվանից պատրաստ եմ լսել: Եթե դուք այդքան հմտություն ունեք, ես չունեմ դա, ես կարող եմ Ձեզ որպես բժիշկ ընդունել: Եթե ես մի բանից չեմ հասկանում, չեմ գնում դրան»,- ասաց նա:
Հարցին, թե Դուք հանդիպե՞լ է Նաիրի Հունանյանին, Հ. Թովմասյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, որովհետև ես ունեմ բժիշկ»:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է այդ հրապարակումներից հետո Կարեն և Նաիրի Հունանյանների հոգեկան վիճակը ևս մեկ անգամ ստուգվի, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` հնարավոր է: Բժիշկները բոլորին են հետևում և բոլորին են նայում: Եթե կա նման խնդիր` կբուժվեն: Իրենք իմ համար սովորական շարքային դատապարտյալներ են, ինչպես մյուս 4700-ը»:
Այնուհետ Հ. Թովմասյանն ավելացրեց. «Պատգամավորները չեն, որ այդ հարցի պատասխանը պիտի տան, դրա համար կա բժիշկ, այսինքն՝ եթե ես ասեմ՝ վաղը կարկուտ ա գալու… Ես ինչի՞ պիտի հանդիպեմ 4700-ին»:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում պատգամավորների այցը Նաիրի Հունանյանին, Հ. Թովմասյանը պատասխանեց. «Իրենց տվեք էդ հարցը, ինչի՞ եք ինձ տալիս այդ հարցը: Իրենք՝ որպես պատգամավոր, օրենքով նախատեսված է, որ ունեն այցելության իրավունք: Ես չեմ սահմանափակում իրենց այցելությունը, այսինքն՝ Դուք ուզում եք իմանալ՝ նախարարը պատասխանի, թե ինչի՞ ա պատգամավորը Նաիրի Հունանյանի մոտ գնացել: Չթողնեի՝ պիտի ասեին՝ չեմ թողել, իրավունքները սահմանափակել են, թողել եմ՝ հիմա ինձ ասում եք՝ ինչի՞են գնացել»: