ՌԴ պաշտպանության նախարարությունը տնտեսական աղմուկի մեջ է
Հոկտեմբերի 25-ին ՌԴ-ում հայտնի դարձան «Оборонсервис» ընկերության աշխատակիցների դեմ հարուցված 5 քրեական գործերը: Համաձայն քննության վարկածի, ընկերությունը չափազանց ազատ է վարվել ՌԴ պաշտպանության նախարարության անշարժ գույքի և հողերի հետ: Իրականացվել են խուզարկություններ նախարարության գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենիա Վասիլևայի բնակարանում, ով ապրում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ նույն շենքում:
Անատոլի Սերդյուկովն այնքան էլ հայտնի անձ չէ եղել միջին ռուսաստանցու համար: Պարզապես շատերը գիտեն, որ նա ինչ-որ ժամանակ զբաղվել է կահույքի առևտրով և, հետո, շատ անսպասելի, դարձել է ՌԴ պաշտպանության նախարար:
Կրասնոդարի երկրամասում ծնված Անատոլի Սերդյուկովը 1984թ.-ին ավարտել է Լենինգրադի սովետական առևտրի ինստիտուտը: Դրանից հետո զբաղեցրել է այդ ոլորտի ղեկավար պաշտոններ: Նախ նա նշանակվել է «Լենմեբելտորգի» խանութներից մեկի ղեկավար, իսկ ավելի ուշ նույն ոլորտի հաստատություններում զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոններ:
Նրա կյանքում բեկումնային դարձան 1990-ական թվականները, երբ որոշեց հեռակա կարգով ձեռք բերել երկրորդ՝ իրավաբանի մասնագիտություն: Հենց այս հարթության վրա էլ Ա. Սերդյուկովը հանդիպեց Ռուսաստանի ապագա վարչապետ Վիկտոր Զուբկովի դստերը՝ Յուլիային:
Յուլիան մեկ անգամ արդեն ամուսնացել և բաժանվել էր: Իսկ Սերդյուկովն ստիպված էր անցնել ուսանողական տարիների իր կնոջից հեռանալու ոչ դուրեկան արարողակարգով: Ի վերջո, Սերդյուկովն ամուսնացավ իր կամային ամուր հատկանիշներով հայտնի գեղեցկուհի Յուլիա Զուբկովայի հետ:
2000 թ.-ին Սերդյուկովն անցավ աշխատանքի հարկային մարմիններում: Իսկ երբ նրա նոր աները գլխավորեց ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը, փեսան, շատ չանցած, դարձավ նորաստեղծ Դաշնային հարկային ծառայության ղեկավարը: 2007թ.-ին Զուբկովը դարձավ ՌԴ վարչապետ, իսկ Սերդյուկովը՝ պաշտպանության նախարար: Այս տարօրինակ նշանակումը երկրի ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ բանակին անհրաժեշտ է տնտեսագետ, որը կկարգավորի ֆինանսավորման ոլորտը:
2008-ին հայտարարվեց զինվորական բարեփոխումների սկզբի մասին: Այդ միջոցառումը ենթադրում էր բանակն ազատել ոչ մասնագիտական ակտիվներից: Պլանավորվում էր վաճառել հողերը և շինությունները, որոնք ավելի արդյունավետ կարող էին օգտագործել քաղաքացիական ղեկավարները: Հենց այս բարեփոխումների շրջանակներում էլ ստեղծվեց «Оборонсервис» հոլդինգը, որի մեջ էին ներառված 9 սուբհոլդինգներ: Ենթադրվում էր, որ նորաստեղծ այս կառույցը պետք է զբաղվի բանակի սպասարկմամբ և սպաներն այլևս չեն շեղվի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ տեխնիկայի նորոգումը կամ ջրմուղներում վթարների վերացումը: Սակայն հենց սկզբից մարդիկ նկատեցին, որ «Оборонсервис»-ն այնքան էլ բարեհաջող չի կատարում իր պարտականությունները:
Բացի այն, որ պատշաճ մակարդակով չէին կատարվում զինվորական ավանների, շարժական և անշարժ գույքի հետ կապված անհրաժեշտ սպասարկման աշխատանքները, այլև, ինչպես ասում է ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը բարեփոխումների հետևանքով զինվորական տեխնիկայի նորոգումը զգալիորեն թանկացավ: Ըստ նրա, օրինակ, «Եթե ավիաձեռնարկության վրա վերանորոգումը նախկինում նստում էր 12-15 մլն ռուբլի, ապա հիմա՝ 15-30 մլն»:
Սերդյուկովի և նրա տիկնոջ Յուլիա Զուբկովի գործունեության մեջ առանձնակի տեղ ունեն այսպես կոչված «Սերդյուկովի ամազոնուհիները»: Սրանք իրենց կամային հատկանիշներով գրեթե հավասար են նախարարի կնոջը՝ Յուլիային: Օրինակ, «Էքսպերտ» իրավական օժանդակության կենտրոնի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Եկատերինա Սմետանովան ձերբակալվել է Սամարայում 4 զինվորական առևտրի /военторг/ շենքերը խարդախությամբ վաճառելու ժամանակ, որտեղ «Էքսպերտ» -ը հանդես է եկել միջնորդի, իսկ «Оборонсервис» հոլդինգը գնորդի դերում:
Զինվորականների վկայությամբ «Սերդյուկովի ամազոնուհիները» աչքի չեն ընկնում բնավորության մեղմությամբ. «Կոպտում են, ստորացնում, հայհոյում գնդապետներին և նույնիսկ գեներալներին»,- ասել է լրագրողներին բացահայտվել չցանկացող մի զրուցակից: Իսկ ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության նախկին պետ Վիկտոր Բարանեցն ասել է, որ «զինվորական հագուստով մարդկանց նրանք ընկալում են որպես «կանաչ մարդուկների», որոնց հետ կարելի է վարվել ինչպես կփչի նրանց խելքին»:
Հոկտեմբերի 25-ին հարուցված քրեական գործերի շրջանակում կատարված հաշվարկներում պարզվել է, որ միայն 8 օբյեկտների հետ կատարված խարդախ գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասը գնահատվում է 3 մլդ ռուբլի: Նշենք, որ նման օբյեկտների ընդհանուր թիվը չի նշվում:
Քննության վարկածով «Оборонсервис»-ը պարբերաբար դաշնային հողերից առանձնացրել է հողեր և շինություններ, բյուջեի հաշվին կառուցել է թանկարժեք շինություններ կամ կատարել վերանորոգում, իսկ հետո էժան գներով վաճառել իր վերահսկողության տակ գտնվող ֆիրմաներին:
Գործի հարուցումից հետո կատարվել են բազմաթիվ խուզարկություններ: Դրանից չեն խուսափել նաև «Սերդյուկովի ամազոնուհիները»: Օրինակ, երբ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները խուզարկություն են կատարել Սերդյուկովի հարևանուհու՝ Եվգենիա Վասիլևայի բնակարանում, նախարարը եկել և պահանջել է, որ իրեն պաշտոնապես ընդգրկեն խուզարկության մասնակիցների կազմում: Իսկ երբ իմացել է, որ խուզարկում են նաև Զնամենկա փողոցում գտնվող «Оборонсервис»-ի գրասենյակը, սլացել է այնտեղ: Իսկ Վասիլևայի բնակարանից քննիչները բռնագրավել են 3 մլն ռուբլի, 120 հատ ոսկե մատանի, հնաոճ զանազան իրեր, 10 նկար, որոնցից ըստ փորձագետների միայն 2-ն են գեղարվեստական արժեք ներկայացնում:
Սերդյուկովը հոկտեմբերի 25-ի ՌԴ կառավարության նիստին չի մասնակցել: Նման բան կառավարության անդամները կարող են անել միայն շատ հարգելի դեպքերում: Այնուամենայնիվ, նա նիստին ուղարկել է իր տեղակալին: Ինքը այդ ժամանակ մեկնել է Նովո-Օգարևո, որտեղ հանդիպել է երկրի նախագահին: Այդ հանդիպումը տևել է 15 րոպե: Լրագրողներն այդ մասին շատ քիչ բան գիտեն: Հաղորդվում է, որ Պուտինը հանձնարարել է նախարարին ամեն կերպ աջակցել քննությանը: Բացի այդ, չգիտես ինչու, Սերդյուկովը թռել է Կուբան: Այդ ընթացքում, թռուցիկ շփվելով լրագրողների հետ, նա «Оборонсервис»-ի մասին ասել է, որ «Այդ հոլդինգը ռուսական օրենսդրության համաձայն համարվում է ինքնուրույն կոմերցիոն կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, որը կանոնակարգում է ինչպես զինված ուժերին, այնպես էլ այլ պատվիրատուներին ծառայություններ մատուցելու նրա գործունեությունը»:
Նշենք, որ «Оборонсервис»-ի միակ սեփականատերը ՌԴ Պաշտպանության նախարարությունն է:
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի մամլո քարտուղարը լրագրողների այն հարցին, թե որտեղ է պաշտապանության նախարարը, որը չի ներկայացել կառավարության նիստին, պատասխանել է, որ նա հանդիպում է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Մինչև այժմ անհայտ է յուրացումների մասին հարցը: Ըստ որոշ լրատվամիջոցների 5 քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է 2 մարդ: Մյուսները հաղորդում են, որ ձերբակալվածներ չկան: Սակայն այս մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն արդեն հանդես է եկել Սերդյուկովի պաշտոնաթողության պահանջով: «Վստահ եմ, եթե Սերդյուկովի փոխարեն լիներ բանակում ծառայած սպա, նա այլևս անհնար կհամարեր շարունակելու նախարարի պարտականությունների կատարումը»,-հայտարարել է դումայի կոմունիստական խմբակցության անդամ Անատոլի Լոկոտը:
Նշենք, որ որոշ փորձագետներ գտնում են, որ վաճառված օբյեկտների գներն այնքան էլ շատ չեն իջեցվել, որքան դա ներկայացնում է քննությունը: Կրկնակի փորձաքննությունից հետո, նույնիսկ ենթադրվում է, որ քրեական գործը կարող է շատ ավելի պակաս լուրջ լինել:
Կա նաև երրորդ կարծիքը, որի համաձայն Վասիլևայի տան խուզարկությունը պետք է դիտարկել որպես «պատերազմի հայտարարություն», որի վերջնական նպատակը Սերդյուկովին պաշտոնանկ անելն է: