Սերժ Սարգսյանը պետք է թեկնածություն դնի, իսկ Քոչարյանը` նրան սատարի. ՀՀԿ-ական

ՀՀԿ համագումարից առաջ տեղի է ունենում պատվիրակների ընտրություն և առաջադրում: Շրջանային ՀՀԿ կազմակերպությունները պարտադիր նիստ են գումարում այս օրերին և առաջադրում իրենց թեկնածուներին, հետո այդ պատվիրակների հարցը ՀՀԿ-ն  կքննարկի իր առաջիկա ՀՀԿ համագումարում և կհրապարակի ՀՀ նախագահի իր թեկնածուի անունը:

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ՀՀԿ Գյումրի 3-րդ շրջանային կազմակերպության նախագահ, ՀՀԿ անդամ Բորիս Ալեքսանովը:

– Պարոն Ալեքսանով, Գյումրիի 3-րդ շրջանային կազմակերպությունը քննարկել է ՀՀ նախագահի թեկնածուի հարցը. ովքե՞ր են հավակնում 2013 թ. ՀՀ նախագահի թեկնածուն դառնալ՝ ՀՀԿ-ից:

– Այս ընթացքում յուրաքանչյուր կազմակերպություն նիստ է գումարում, առայժմ չորս նիստից եմ ես տեղյակ, որ Գյումրիում կայացել է: Եվ բոլորն էլ վճռել են, որ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը:

– Իսկ ուրիշ թեկնածուներ կլինեն ՀՀԿ-ից, բացի Սերժ Սարգսյանից: Ո՞վ է ձեր նախընտրելի թեկնածուն:

– Չեմ կարող ասել`ուրիշ թեկնածու կլինի թե չէ, բայց իմ նախընտրելի թեկնածուն միակն է` Սերժ Սարգսյանը: Ես չեմ էլ պատկերացնում ուրիշ թեկնածու, որը կարող է հակակշիռ լինեն նրան: Համենայնդեպս, ես համոզված եմ, որ բոլորս միաձայն ՀՀԿ համագումարին կառաջարկենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը և գործող նախագահը կլինի ՀՀԿ թեկնածուն:

– Լավ, իսկ ՀՀԿ-ից դուրս Սերժ Սարգսյանին մրցակից ու՞մ եք տեսնում:

– Որևէ այլ քաղաքական գործիչ, որ կարող է Սերժ Սարգսյանին մրցակից լինել, ես չեմ տեսնում ոչ ՀՀԿ-ի մեջ, ոչ ՀՀԿ-ից դուրս: Սերժ Սարգսյանն ինձ համար անփոխարինելի է, միակ անձը, որ կարելի է առաջադրել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ինձ համար ոչ միայն ծիծաղելի, այլև ամոթ է, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին էն էպոսագետն է, կամ մարքսիստը առաջադրվում են Սերժ Սարգսյանի կողքին: Գիտեք` ինչի՞ է ամոթ. վաղը չէ մյուս օրը դրսում` հարևան երկրները խոսալու և խնդալու են, որ մեր երկրի նախագահի կողքին նման մարդիկ են դրել, և որ Սերժ Սարգսյանը նրանց է հաղթել:

– Իսկ ում եք դուք համարում լուրջ մրցակից Սերժ Սարգսյանին:

– Չկա, չկա Սերժ Սարգսյանին մրցակից չկա: Եթե որևէ մեկը կարողանա ինձ արժանի մրցակից ցույց տա, ես պատրաստ եմ բանավեճի հրավիրել նրան և կփոխեմ իմ դիրքորոշումը, եթե կարողանան անգամ համոզել, որ էդ մարդը արժանի մրցակից է մեր նախագահին:

– Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի՞ մրցակից կարող է լինել Սերժ Սարգսյանի համար:

– Շատ թույլ մրցակից: Նա չի կարող մրցակից լինել Սերժ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանը իր ժամանակին մեծ վարկանիշ ուներ, հիմա` չունի: Եվ ես կարծում եմ, որ Քոչարյանի ժամանակներն անցել են: Նա ղեկավարեց, գնաց, և քաղաքական դաշտում Քոչարյանն այլևս անելիք չունի:

– Եթե այնուամենայնիվ Ռ.Քոչարյանն առաջադրվի…

– Սերժ Սարգսյանն անկասկած կհաղթի և այն էլ 70:30 հարաբերությամբ: Այս հարցում կասկած չկա: Քոչարյանի վարկանիշը ընկել է: Իսկ նախագահի վարկանիշն հիմա ավելի բարձր է, քան անցած ընտրություններին: Ու հետո Քոչարյանից ավելի դժգոհ են…

– Պարոն Ալեքսանով, 2008թ. մարտի մեկը ինչպես է ազդել ՀՀ նախագահների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարկանիշերի վրա:

– Սերժ Սարգսյանի վրա ընչի՞ պտի ազդեր, նա էն ժամանակ երկրի նախագահ չէր, իսկ Քոչարյանի վարկանիշի վրա նաև, այո, մարտի մեկն է ազդել, որովհետև չեմ կարծում, որ երբ զիված ուժեր են դուրս բերվում` բանակ, ոստիկաններ, դա չազդեր էդ ժամանակ նախագահ եղած Ռ. Քոչարյանի վարկանիշի վրա:

– Որքանո՞վ եք հավանական համարում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը:

– Ես գտնում եմ, որ ճիշտն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է թեկնածություն դնի, իսկ Քոչարյանը` նրան սատարի, քանի որ 2 անգամ Սերժ Սարգսյանը Քոչարյանին սատարել , օգնել է: Հիմա  հերթը Քոչարյանինն է: Ռ. Քոչարյանը մեկ անգամ է Սերժ Սարգսյանին սատարել, իսկ այն ժամանակ վարչապետ Ս. Սարգսյանը երկրորդ անգամ նույնիսկ Ռ. Քոչարյանի շտաբի պետը դարձավ ու նրան աջակցեց:

Տեսանյութեր

Լրահոս