
Բախվել են Սուրեն Սիրունյանի եղբոր «Մերսեդեսն» ու ԱԱԾ աշխատակցի «Նիվան». նյութերն ուղարկվելու են ՀՔԾ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Նալբանդյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ընդհարվել են Երևանի Զավարյան 8 շենքի բնակիչ, 34-ամյա Արմեն Սիրունյանի վարած «Մերսեդես G» մակնիշի 34 ՕP 337 համարանիշի և Երևան քաղաքի Սարյան 24 շենքի բնակիչ, 22-ամյա Մերուժան Բադալյանի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի 10 ՏՏ 072 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Բադալյանը ուսի կոտրվածքով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Մինչ ՃՈ աշխատակիցների և քննիչի ժամանումը «Մերսեդեսի վրայից հանվել էին համարանիշները:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Սիրունյանը Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, վերջերս մահացած Սուրեն Սիրունյանի եղբայրն է, իսկ հիվանդանոց տեղափոխված Մ. Բադալյանը աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քննիչ Ա. Փարսադանյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվելու են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Shamshyan.com