
Դատարանը մեղադրողից ավելի խիստ գտնվեց

«Հայինկասացիա» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավճռով, «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանը դատապարտվել է 9, նրա տեղակալ Սաթենիկ Սարգսյանը՝ 7, հաշվապահ գանձապահ Աղավնիկ Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, գլխավոր ամբաստանյալի եղբոր դուստր Արմինե Գրիգորյանին, եղբորորդի Արմեն Գրիգորյանին և ամուսնուն՝ Սարգիս Դանիելյանին՝ 4-ական տարվա ազատազրկման:
Մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ: Իսկ Աղավնիկ Խաչատրյանին պատժաչափ նշանակելիս դատարանը մեղադրողից շատ ավելի խիստ է գտնվել. մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, իսկ դատավճռով նա դատապարտել է 4 տարվա ազատազրկման և կալանավորվել դատարանի դահլիճում: