«Իժ»-ը բախվել է գազատար խողովակին, այնուհետև «Տուարեգին». կա զոհ և վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ միջհամայնքային ավտոճանապարհի Արալեզ գյուղի խաչմերուկում «Իժ մոսկվիչ 2715» մակնիշի 62 ՍՏ 286 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 20-ամյա Աբրահամ Գրիգորյանը բախվել է Արալեզ գյուղի բնակիչ, 50-ամյա Մարտիկ Թևոնյանի վարած «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի 95 PՈ 555 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո «Իժ» (բուդկա մոսկվիչ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին: Վթարի հետևանքով Մոսկվիչում եղած ուղևոր, ում անունը ըստ հավաքվածների Վարդան է, կլինի մոտ 20-25 տարեկան, տեղում մահացել է, իսկ վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը: Տեղում են նաև Արարատի մարզի Գազի մատակարարման գրասենյակի պատասխանատուները:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի ենթարկված մոսկվիչով տեղափոխում էին հացաբուլկեղեն, իսկ «Տուարեգի» վարորդը Արալեզ գյողի գյուղապետն է:
Shamshyan.com