
Նախարարները «վերահաստատեցին իրենց վճռականությունը»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարեւորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:
Սա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց ի վեր։ Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Նալբանդյանը և Մամեդյարովը առանձին հանդիպումներ էին ունեցել համանախագահների հետ։