«Կառավարության որոշմամբ փորձ է արվում Հայաստանը վեր ածել Երևանի, իսկ Երևանը` Հայաստանի». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է.

«Հարգելի’ պարոն Վարչապետ,

Մամուլից տեղեկացա, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Նշված որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր  ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, պետք է վերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Ըստ այդ որոշման` ՀՀ տարբեր մարզերից պետք է տեղափոխվեն պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձաններ: ՀՀ կառավարության նշված որոշումը քաղաքացիների շրջանում առաջացրել է շատ լուրջ դժգոհություն գրեթե բոլոր այն տեղերում, որտեղից պետք է տեղափոխվեն պատմամշակույթային հուշարձանները:

Քանի որ ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի քննարկումների ժամանակ ես խոստացել էի, որ մշտադիտարկման եմ ենթարկելու ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը և յուրաքանչյուր շեղման պարագայում պետք է բարձրաձայնեմ, այժմ գտնում եմ, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրին հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ.

ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի երեք գերակայությունների 1-ին մասում նշված է, որ Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով պետք է ապահովվի` տարածքային համաչափ զարգացում:

Ավելին, ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրի 3.1.6. կետում` Տարածքային համաչափ զարգացում բաժնում նշված է, որ կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով՝ իրականացվելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը՝ պետական, կրթական,  մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ տեղափոխելով հանրապետության մյուս տարածքներ,  բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում:

Տվյալ պարագայում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը, քանի որ կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք այլևս գտնվելու են Երևան քաղաքում:

Հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր ավանդույթի ուժով ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլևս չեն կարող գնալ այնտեղ, որտեղից բացակայում են ուխտատեղի հիմնական սրբությունները:

Փաստ է նաև այն, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր:

Ավելին, որևէ երաշխիք չկա, որ 2016 թվականին այդ հուշարձանները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը, քանի որ գոնե ինձ հանդիպած քաղաքացիները պնդում են, որ տարիներ շարունակ տարբեր մարզերից տարվել են պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնք, ի վերջո, չեն վերադարձվել և այժմ էլ դրանց գտվելու վայրի մասին քաղաքացիները տեղեկություն չունեն: Այստեղ նաև հարց է առաջանում, թե արդյո՞ք կա մի պետական մարմին, որին հայտնի են, թե տարիների ընթացքում ստույգ որքան և ինչ հուշարձաններ են տեղափոխվել իրենց գտնվելու վայրերից, ուր են տեղափոխվել, ինչ նպատակներով և ինչու չեն վերադարձվում:

Այսպիսով, ՀՀ կառավարությունը փոխարենը անկախության տոնի կապակցությամբ խրախուսի տուրիստների հոսքը դեպի մեր սրբավայրերը, մի բան էլ դրան հակառակ այնպես է անում, որ դեպի մարզեր գնացող տուրիստների առանց այն էլ սակավաթիվ հոսքը մնա Երևանում: Խնդիրը նաև նրանում է, որ վիճելի որոշումը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ է ընդունվել և ոչ թե Երևանի անկախության տոնի:

Կարծում եմ, այս որոշմամբ փորձ է արվում Հայաստանը վեր ածել Երևանի, իսկ Երևանը` Հայաստանի, սակայն առանց այդ էլ մենք ականատեսն ենք լինում ներքին արտագաղթին, երբ մարդիկ ձգտում են մարզերից տեղափոխվել Երևան:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնանակարգ օրենք»-ի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում եմ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին»  թիվ N 1169-Ա որոշումը անվավեր ճանաչել և մինչ այս պահը տեղափոխված բոլոր հուշարձանները վերադարձնել իրենց նախնական վայրերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս