Ինչո՞ւ հաճախ չեն իրականանում մեր երազանքները
Այս հարցին դեռ որևէ մեկը չի կարողացել պատասխանել, սակայն գիտնականները փորձել են գիտականորեն բացատրել երազանքների հաճախ չիրականանալու փաստը: Ըստ մի շարք հետազոտողների` այսօր մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ մի երազանքի կամ ցանկության վրա, ուստի բնական է, որ հաճախ նրանց երազանքները չեն իրականանում: Գիտնականներն առաջարկում են հայտնի մեթոդ՝ ոչ միայն սթրեսից դուրս գալու, այլև սեփական ուժերին հավատալու և ավելի ինքնավստահ դառնալու համար: Ինքնահիպնոսը, ըստ ռուս, գերմանացի և ամերիկացի հոգեբանների` երազանքներն իրականացնելու լավագույն եղանակն է:
Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է ինքնահիպնոսի միջոցով իրականացնել մեր երազանքները և այն ամենը, ինչ պատրաստվում ենք անել: Մի շարք գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն` ինքնահիպնոսի միջոցով կարելի է լավացնել մեր մտավոր և ֆիզիկական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, հաղորդել վստահություն ինքներս մեզ, դառնալ հոգեբանորեն առավել ուժեղ և կամային:
Մի շարք հոգեբանական հետազոտություններ ցույց են տվել, որ ցանկացած մարդ ինքնահիպնոսի միջոցով կարող է ինքն իրենց վստահեցնել, որ ինքն ամենալավ, ամենահաջողակ և գրավիչ մարդն է աշխարհում: Այս փաստին թերահավատորեն է վերաբերվում հասարակության զգալի հատվածը: Սակայն ամերիկյան, գերմանական հոգեբանական կլինիկաներն ունեն հատուկ բաժիններ, որտեղ առաջարկում են սթրեսից դուրս գալու մի քանի եղանակներ, այդ թվում` նաև ինքնահիպնոս:
Դա, ըստ ռուս գիտնական Սերգեյ Կովալյովի` կենտրոնացումն է, որը կարող է մարդու մեջ ուժ և անսահման ձգտում առաջացնել: Ս. Կովալյովը հոգեբան է, ունի իր անձնական հոգեբանական կլինիկան, որտեղ առաջարկում է համաշխարհային գիտնականների հետազոտությունների արդյունքում կազմված թեստեր, որոնք, ըստ նրա, կատարյալ արդյունք են տալիս: Բժիշկը վստահեցնում է, որ ինքնահիպնոսը թույլ է տալիս՝
- Կանանց պարագայում` գտնել իրենց երազանքների տղամարդուն, տղամարդկանց պարագայում՝ երազանքների կնոջը:
- Հաջող ամուսնանալ:
- Հասկանալ և ղեկավարել սեփական զգացմունքները:
- Գրավել տղամարդուն:
- Ստեղծել ամուր և երջանիկ ընտանիք:
- Ամուսնուց ստանալ աջակցություն տարբեր հարցերի շուրջ:
- Փախչել ձախողումներից:
- Ընտանիքն ապահովագրել ֆինանսական ճգնաժամից և ներընտանեկան այլ խնդիրներից: