Ոճրագործության թիրախը ոչ թե անձինք էին, այլ լեգիտիմ իշխանական ինստիտուտները

Այսօր Եռաբլուր այցելած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց. «Այս կապակցությամբ ՀԱԿ-ն իր տեսակետը հայտնել է դեռևս 2007 թվականին, որում ասել ենք, որ կազմակերպիչների մասով քրեական գործը կարճվել է օրենքի խախտումով: Երբ Հայաստանում լինի օրինապաշտ իշխանություն՝ օրենքին ենթարկվող, համոզված եմ՝ նախաքննությունը կվերսկսվի»:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի միջև կապ կա և դրանց իրականացման «ձեռագրերը» նույնն են, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ձեռագրերը նույնն են հետևյալով, որ 1999 թվականին Հայաստանում կար օրինական Ազգային ժողով, լեգիտիմ ԱԺ նախագահ, լեգիտիմ կառավարություն ու վարչապետ:Եվ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիրախը ոչ այնքան անձինք էին, որքան իշխանության այն ինստիտուտները, որոնք տվյալ պահին լեգիտիմ էին: Հոկտեմբերի 27-ից առաջ էլ, հետո էլ լեգիտիմ իշխանություն՝ որպես այդպիսին, չի եղել: 99 թվականից ձևավորվեց այդ իշխանությունն` ի դեմս ԱԺ-ի ու կառավարության, և Հոկտեմբերի 27-ը որպես թիրախ ընտրեց իշխանության լեգիտիմ հատվածը՝ ԱԺ- ն ու կառավարությունը:

Դրանից հետո մինչ օրս Հայաստանում լեգիտիմ իշխանության որևէ ճյուղ չի եղել: Իսկ 2008 թվականի մարտի 2-ը շատ մոտ էր իրավիճակին, երբ նախագահական ինստիտուտը կրկին լեգիտիմ իշխանությամբ կօժտվի: Հենց այդ պահին էր, երբ հեռանկարը լեգիտիմության իրական էր, ու այդ պահին էլ գործարկվեցին ավտոմատները»:

 

Տեսանյութեր

Լրահոս