Թիվ 1-ում և 35 ընտրատարածքներում համապատասխանաբար` չորս և երկու թեկնածու

Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորության երեք թեկնածուներից մեկը` ինքնաառաջադրված անկուսակցական Արման Խաչատրյանը, ինքնաբացարկ է  հայտնել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Արդյունքում` թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են գրանցված ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը, ինքնաառաջադրված ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը:

Երևանի թիվ 1 ընտրատարածքում նույն օրը կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին գրանցված են առաջադրված բոլոր չորս թեկնածուները` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցության կողմից` նույն կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինքնաառաջադրված Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:

Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների նախընտրական քարոզչություն ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 4-ին և կտևի մինչև նոյեմբերի 30-ի ժամը 24-ը:

Թեկնածուներն ինքնաբացարկ հայտնելու իրավունքից կարող են օգտվել մինչև նոյեմբերի 22-ի ժամը 18-ը:

Հիշեցնենք, որ թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով:

Ռ. Հայրապետյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում` իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով: Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս