«Հանցագործներն, ըստ էության, բացահայտված են, մնացած ամեն ինչը քաղաքական շահարկումների առարկա է»
ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր Եռաբլուրում 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ասաց, թե այն գնահատականները, թե այդ ոճրագործությունը մինչև վերջ բացահայտված չէ` շահարկումներ են. «Այդ շահարկումները տարիներ ի վեր շարունակվում են, չի կարելի նման ձևակերպումներ անել, հատկապես, երբ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Տեղի է ունեցել մի բան, որը մեր քաղաքական համակարգի և նաև խորհրդարանի պատմության մեջ մեծ բիծ է, որը մենք պետք է կարողանանք նաև քաղաքական իմաստով հասկանալ ու հետագայում բացառել նմանատիպ քաղաքական հաշվեհարդարները»:
Ըստ Արտակ Զաքարյանի` տարբեր երկրների խորհրդարաններում, ցավոք, այս կամ այն կերպ լինում են որոշակի իրադարձություններ, պարզապես, ըստ նրա` մեր երիտասարդ պետության համար սա շատ մեծ հարված էր: «Մենք կորցրեցինք և՛ քաղաքական լիդերներ, և՛ քաղաքական կարևոր դեմքեր: Առաջինը, որ մենք պետք է անենք` այս ամենից դասեր քաղելն է: Հարգելով, հիշելով, հիշատակի տուրք մատուցելով` նաև դասեր քաղենք քաղաքական տեսանկյունից»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատվություն պետք է կրի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա, Ա. Զաքարյանի խոսքով` այդ ամենը որևէ աղերս չունի իրականության հետ: «Հանցագործներն, ըստ էության, բացահայտված են, ու բացահայտված են վաղուց, հիմա էլ կրում են իրենց պատիժը: Մնացած ամեն ինչը քաղաքական շահարկումների առարկա է, որը բոլորովին հարիր չէ Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը»: Այս հարցը որևէ կերպ չի կարելի տեղափոխել քաղաքական դաշտ, քաղաքական մեղադրանքներ ներկայացնել: Կարծում եմ, որ այս ամենը է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը»,- ասաց Ա. Զաքարյանը:
168.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե` քաղաքական որոշ շրջանակների գնահատականներով` Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ առկա է եղել նաև արտաքին ուժերի գործոնը, Արտակ Զաքարյանն ասաց, որ դա նույնպես քաղաքական շահարկում է, և կարիք չկա քաղաքականացնել երևույթները. «Իսկապես տեղի է ունեցել ոճրագործություն, տեղի է ունեցել մի երևույթ, որը հարիր չէ մեր քաղաքական համակարգին, և պետք է դրանից հետևություններ անել»,- ասաց Ա. Զաքարյանը: