
Ի՞նչ է նշանակում` «կստանա՛ք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը երեկվա ասուլիսում` դիմելով ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին, ասել է. «Եթե դուրս գաք փողոց, կստանա՛ք»: ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «168 Ժամի»-ի հետ զրույցում` անդրադառնալով Մ. Բադեյանի վերոնշյալ սպառնալիքին, ասել է.
«Եթե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն իրեն նման անպարկեշտ պահվածք է թույլ տալիս և փորձում է ահաբեկել մեկ այլ քաղաքական ուժի, ապա դա խոսում է այն մասին, որ, այո՛, մենք պիտի պայքարենք, որ այս ռեժիմը վերանա: Ի՞նչ է նշանակում` «կստանա՛ք», եթե քաղաքացին պայքարում է իր սահմանադրական իրավունքի համար և փորձում է կեղծված ընտրությունները չեղյալ ճանաչել, և նա համարում է, որ դրա համար պետք է պատժվի` մոռանալով, որ իրական հանցագործը հենց կեղծողն է, ապա այդ դեպքում այս իշխանությունն օր առաջ պիտի հեռանա, այս ժողովուրդը պիտի իր վրայից թոթափի այս բռնապետական լուծը»: