Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա ձեռքբերումներին ու հետագա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ և նիստի օրակարգում ներառված այլ հարցեր: Նիստին ընդառաջ` հոկտեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել էր ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակների ցուցադրություն:
Կոլեգիայի նիստի մասնակիցները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 13 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:
Նիստի ընթացքում ՙՀՀ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանումը, շահագործումը և նախապատրաստումը մարտական գործողություններին՚ թեմայով զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում կանոնակարգվել է զրահատանկային սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի գնահատման կարգը, փոփոխություններ ու լրացումներ են կատարվել համապատասխան ձեռնարկներում, հստակեցվել են հատուկ ու օժանդակ զինամթերքի ապահովման խնդիրները, ձեռքբերման և վերանորոգման եղանակով ԶՈՒ-երը համալրվել են մարտունակության և անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:
Հարակից զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Մուրադ Իսախանյանը և ոլորտի այլ պատասխանատուներ, ովքեր ներկայացրել են սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերը, ռազմաարդյունաբերության ոլորտի բարեփոխումներն ու զարգացման միտումները, համագործակցության խորացման հեռանկարները:
Կոլեգիայի նիստը եզրափակվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամփոփիչ ելույթով: Նշելով, որ ՀՀ զինված ուժերը մշտապես համալրվում են արդի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ այդ ուղղությամբ իրականացվել և շարունակում են իրականացվել լուրջ աշխատանքներ: Սեյրան Օհանյանի հավաստմամբ` սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն մեր զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար:
Նախարարն իր եզրափակիչ խոսքում անդրադարձավ նաև ձմեռվա նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև ազգային բանակի ավանդույթների ձևավորման հարցերին:
2011 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահի կողմից հաստատվել է ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը, իսկ 2012 թվականի սկզբին ՀՀ Կառավարությունն ընդունել է նշված հայեցակարգի դրույթներից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը: Սահմանված ժամանակացույցի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրով ստանձնած պարտավորությունները մինչ օրս իրականացրել է ամբողջական ծավալով և ժամանակին:
ՀՀ պաշտպանության նախարարություն