Բաժիններ՝

Նահանգային օրենսդրականների ճանաչման ուղին

Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:

Պարզ է, որ նահանգային մակարդակի վրա արձանագրվող այս գործընթացները տվյալ պետությունների կողմից հայկական երկրորդ հանրապետության ճանաչման համազոր քաղաքական արարքներ չեն: Բայց…Նահանգային օրենսդիր մարմինները ի վերջո պետական կառույցներ են և իբրև ինքնակառավարման մարմինների բրգաձև համակարգի առաջնային տեղը գրավող ատյանները իրենց խորքում ժողովուրդ-պետություն հարաբերության անմիջական օրինական օղակներն են:

Ուրեմն, պետության մեջ ուղղակի ներկայացվածության ժողովրդի այս պատկերը խիստ կարևոր է ոչ միայն բարոյական կամ խորհրդանշական, այլ նաև իրավաքաղաքական առումներով:  Քաղաքական առումով տվյալ իշխանությունը անպայման հաշվի  կնստի իր կարևորագույն նահանգների օրենսդիր մարմինների, այլ խոսքով տվյալ նահանգի ժողովրդի կամարտահայտության հետ: Այս մեկը կարող է  ավելի շեշտվել, երբ ընտրական հանգրվանների հատուկ տրամաբանությունը առավել ուշադրություն կկենտրոնացնի ժողովրդի արտահայտած տեսակետների վրա:

Իրավական մեկնաբանությունը կարող է կենտրոնանալ հետևյալ կետի վրա. Նահանգային օրենսդիր մարմինների որոշում-բանաձևերը, որքան էլ մեծամասնություն կազմեն, պարտադիր բնույթ չունեն կենտրոնական իշխանությունների համար: Այնպես չէ, որ ինքնաբերաբար կառաջնորդեն կենտրոնական որոշման: Բայց նահանգային օրենսդիր մարմինները պետական մարմիններ լինելով, բնականաբար չեն կարող հակասել երկրի սահմանադրությանը, որն իր հերթին մշակված է  միջազգային օրենքի սահմանած նորմերի և օրինաչափությունների նկատառումներով: Ահա այստեղ է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի սկզբունքը գերակա է  նկատվել միջազգային այլ օրենքի` տարածքային ամբողջականությանը, որի գերադասումը ամեն առիթով օգտագործվում է  պաշտոնական Բաքվի  կողմից:

Ուրեմն տվյալ շրջանի ժողովրդի ուղղակի ընտրությամբ և ներկայացվածությամբ կազմված օրենսդիր մարմինները կշարժվեն համապատասխան իրենց երկրների սահմանադրությանը և միջազգային օրենքին:

Հիմա գանք հայկական գործոնի հետ կապված խնդիրներին: Այստեղ պարզ է, որ խոսքը տեղի Հայ Դատի հանձնախմբերի հետևողական աշխատանքների մասին է: Երևույթը ընդգծում է Հայ Դատի հասկացության ամբողջականությունը, համոզելու համար դիպաշարին հետևողին, որ Ցեղասպանության ճանաչման Հայ դատյան դասական ըմբռնմանն առընթեր արդեն սկսել է արդյունավորվել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների դիմագրաված ամենահրատապ օրակարգերի ուղղությամբ հայկական ներուժի օգտագործումը: Հայ Դատի բազմաճակատ և համալիր աշխատանքները կարևոր թիրախների են հասնում։ Այս նախաձեռնություններին մաս են կազմում նաև տարբեր տարածաշրջաններից Հայ Դատի բարեկամ պետական զանազան անձնավորությունների` Արցախ գործուղման կազմակերպումները և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունները: Դրանցից էր նաև Ավստրալիայի պետական դեմքերի պատվիրակության այցելությունը Արցախ:

Ուրեմն, երևույթները նախանշում են, որ պետական-հասարակական գործոնների համատեղ աշխատելաձևը հանգում է արդեն որոշակի արդյունքների: Այս բոլորին առընթեր պետք է հաշվարկել քաղաքական պահի վճռորոշ ազդեցիկության խնդիրը, նախատեսելու համար ճանաչում-ճանաչումի դիմաց Կոսովո-Աբխազիա կամ Կոսովո-Հարավային Օսիա մոդելի արցախյան տարբերակի առայժմ ոչ-տեսանելի առարկայացումը: Կամ էլ Սաֆարովի գործարքին և հերոսացման օրինակներով այլ դեպքերի կրկնությունը, որոնք միջազգային կարծիքը կարող են անվարան համոզել ադրբեջանցիների և որևէ ժողովրդի անհամատեղելիությունը…:

Հնարավորությունները պետք չէ բացառել: Հանկարծակի` կարող է հայտնվել մի պետություն , որը նահանգայինից անդին կենտրոնական իշխանության մակարդակով հանդես կգա Արցախի Հանրապետության ճանաչման հայտարարությամբ: Կարևորը պետական-հասարակական գործոնների համատեղումն է և հետևողական աշխատանք տանելը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս