Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովային և պալատի մի քանի անդամների:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան նոտարական պալատի անդամների խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է ՀՀ նոտարական համակարգում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:

ՀՀ արդարադատության նախարարի փոխանցմամբ ՀՀ Նախագահի կողմից հաստատված 2012-2016թթ. իրավական և դատական բարեփոխումների ծրագրի զգալի մասը վերաբերում է նոտարական համակարգի բարեփոխումներին, ինչը կնպաստի, որպեսզի համակարգը լիարժեքորեն համապատասխանեցվի լատինական նոտարիատի միջազգային միության սկզբունքներին, որին Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 2004 թվականից:

ՌԴ նոտարական պալատի նախագահ Մարիա Սազոնովան էլ փոխանցել է, որ իրենք էլ նմանատիպ խնդիրներ ունեն և մշակվում են օրենսդրական լրջագույն և մեծածավալ փոփոխություններ, ինչն ակնկալվում է, որ պետք է նպաստի նոտարի դերի և պատասխանատվության բարձրացմանը:

ՌԴ նոտարական պալատի նախագահի խոսքով` իրենց երկրում էլ շատերի կողմից թերագնահատվում է նոտարի դերը, ստեղծվում են խոչընդոտներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի, բացառվի նոտարի մասնակցությունը տարաբնույթ գործարքների վավերացմանը: Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»:

Մտքերի փոխանակման արդյունքում հանդիպման մասնակիցները հանգեցին եզրակացության, որ համակարգի վերաբերյալ ներկայացված խնդիրները առկա են նախկին Խորհրդային միության գրեթե բոլոր հանրապետություններում, ուստի համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակման նպատակով հաճախակի հանդիպումներն ու շփումները առավելապես կնպաստեն խնդիրների լուծմանն ու նոտարական համակարգերի կարգավորմանը՝ Լատինական նոտարիատի միջազգային միության սկզբունքներին համապատասխանեցմանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, պալատի վարչության անդամներ՝ Հասմիկ Հարությունյանը և Մարինե Մանուկյանը:


Տեսանյութեր

Լրահոս