ՀՀԿ համագումարը` դեկտեմբերի 15-ին

ՀՀԿ գործադիր մարմինը քիչ առաջ որոշել է համագումար հրավիրել դեկտեմբերի 15-ին։ Այս մասին նիստին հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այսօր քննարկվել է արտահերթ  համագումարի օրակարգը՝ այն է՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ Նախագահի ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

ՀՀԿ խոսնակը նշել է, որ այսօրվա նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել, ինչպես գրում է մամուլը։  Նա նաև վստահեցրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին։

Շարմազանովը, ինչպես նախորդ նիստերից հետո, այսօր էլ կրկնել է, որ Սարգսյանն ու Ծառուկյանը հանդիպում են։ Եվ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Ծառուկյանը ԱԱԽ անդամ է, ՀԱՕԿ նախագահ, այլև այն, որ` «ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ է», ով կողմ է երկխոսությանը տարբեր ուժերի հետ։

Հինգ տարի առաջ այս օրը՝  2008թ. ընտրություններից չորս ամիս առաջ,  Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում տասնամյա լռությունից հետո հանդես եկավ ընդարձակ՝ 1,5 ժամ տեւողությամբ ելույթով և հայտարարեց իր առաջադրման մասին։

«Ա1+»-ի ՝ կարծո՞ւմ եք, որ ոչ պաշտոնապես նախընտրական արշավը կրկին սկսվում է՝ հարցին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, թե «2008թ. և 2012թ. միջև սարեր և ձորեր կան»։

«Այսօրվա ՀԱԿ-ը հայտնվել է քաղաքական լուսանցքում»,- ասել է նա՝ պնդելով, թե ՀԱԿ-ի որոշ անդամներ որոշ ուժի կցորդ են դառնում։ Շարմազանովը չցանկացավ կոնկրետ ուժի անուն տալ, միայն ավելացրեց, թե այդ մասի քաղաքական կարիերան աստիճանաբար ավարտվում է։

 

Տեսանյութեր

Լրահոս