Խորոնքում նոր ընտրություններ` նույն թեկնածուների մասնակցությամբ

Հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքում տեղի կունենան գյուղապետի նոր ընտրություններ:

Այս համայնքում սեպտեմբերի 9-ին անցկացվել էին գյուղապետի հերթական ընտրություններ, որոնց արդյունքներով քվեարկված երկու թեկնածուները` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Սարգիս Նահապետյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, Վաղարշապատի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ Արային Աբասյանը, ստացել էին 662-ական քվե:

Ընտրական օրենսգրքի համաձայն, հավասար քվեների դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև ընտրատարածքային հանձնաժողովն անցկացնում է վիճակահանություն:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն, ըստ երկու թեկնածուների միջև ձեռք բերված նախնական համաձայնության, հրաժարական է ներկայացրել: Արդյունքում` Խորոնքում նշանակվել են նոր ընտրություններ:

Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքէջի, հոկտեմբերի 28-ին կքվեարկվեն նույն երկու թեկնածուները: Ի տարբերություն սեպտեմբերի 9-ի ընտրությունների, այս անգամ երկուսն էլ նշված են որպես ինքնաառաջադրված ՀՀԿ անդամներ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս