Չգիտեն` կմիանա՞ն նախարարին ու նրա աշխատակազմին քրեական պատասխանատվության կանչելու պահանջին, թե՞ ոչ

«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը կմիանա բնապահպանության նախարարին և նրա աշխատակազմին քրեական պատասխանատվության կանչելու հայտարարությանը, երբ ունենա համապատասխան իրավական հիմքեր:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը` խոսելով «Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնությունների տարածած հայտարարության մասին, որով պահանջում են քրեական գործ հարուցել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ում մեղքով տուժել է բնությունը:

«Իրականում այդ նախաձեռնությունները երկու պահանջ են ներկայացրել: Առաջինը` քրեական պատասխանատվության կանչելու մասին է, երկրորդը՝ նախարարի հրաժարականի: Մենք լիովին համամիտ ենք երկրորդ պահանջի հետ, բայց առաջինին միանալու համար, ցավոք սրտի, մենք ինքներս չենք ուսումնասիրել այդ փաստաթղթերը: Քրեական պատասխանատվության մասին պահանջը շատ լուրջ է և լավ հիմքերի կարիք ունի: Հայտարարության մեջ ներկայացված են այդ հիմքերը: Հայտարարությունը տարածվել է երեկ: Ասելու համար՝ մենք միանո՞ւմ ենք այդ հայտարարությանը, թե՞ ոչ, մենք պետք է լավ ծանոթանանք իրավական կողմերի հետ: Այս պահին մենք իրավական հիմքեր չունենք»,- նշեց Ինգա Զառաֆյանը:

Հիշեցնենք, որ հիշյալ քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունը տարածվել էր երեկ. հիմնավորումներ էին ներկայացված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու և պաշտոնից հեռացնելու համար: Մի քանի շաբաթ առաջ էլ 48 հասարակական կազմակերպություններ պահանջել էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս