Սփյուռքահայ գործարարը ստիպված կլինի դատը ԱՄՆ տեղափոխել
«ՀՀ արդարադատությունը չի գործում և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին ուղղած նամակում ասում է ամերիկահայ Էդմոնդ Խուդյանը: Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Հարգարժան Պր. Դեսպան,
Իմ Անունը Էդմոնդ Խուդյան է, ես ԱՄՆ քաղաքացի եմ, Արին Կապիտալ կորպորացիայի նախագահը Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄն-ում: Դեռևս 2010թ. նոյեմբերին դիմել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Գ.Խաչատրյանին և հայտնել Հայաստանում բացառապես իմ ներդրումների հիման վրա հիմնադրված և գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով:
2011-ի Մարտին պաշտոնական բողոքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին և այլ արդարադատության մարմիններին իմ հիմնադրած ընկերությունում կողոպուտ կազմակերպելու և $4,500,000 դոլար յուրացնելու մասին: Այդ բողոքի մարնամասնությունները ուղարկվել են նաև նախկին դեսպան Տիկ. Մարի Յովանովիչին և բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Բողոքս Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ-ն մասնակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր գործարքների մասին էր, որի հիման վրա Մայիս 3, 2011ին հարուցվել է 83159711 քրեական գործը:
2011թ-ին աշնանը ինձ պարզ է դառնում, որ նույն խումբը շինծու սնանկության գործով դատական ակտերի շնորհիվ ցանականում է բռնագրավել ընկերության $2,000,000 գույքը և ես անմիջապես դիմում եմ ներկայացրել քրեական գործով պատասխանատու անձանց, որպեսզի արգելանք դրվի գույքի վրա, մինչ քրեական գործի ավարտը, սակայն դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում, անհիմն պատճառաբանելով որ չկա տուժող և մեղադրյալ, ուրեմն արգելանք դնել հնարավոր չէ, չնայած նրան, որ շենքում կան բազմաթիվ բնակարան չստացած գնորդներ և իմ կամ նրանց տուժող լինելը անվիճելի է: Չնայած միլիոնավոր դոլարների կուրուստի, շենքում որևե մեկը տուժող չի ճանաչվել, որովետև այդ դեպքում դատավարական կարգավիճակ ունեցող տուժողների փաստաբանների միջնորդությունների ճնշման տակ ստիպված կլինեն քրեական գործին ընթացք տալ:
2012թ-ի մայիսին ընկերությանը մնացած գույքի վրա արգելանք դնելու համար հանդիպել ենք Գլխ Դատ. օգնական Պր. Մնացական Սարգսյանի և վարչության պետ Գրիգոր Նավասարդյանի հետ, ստացել բանավոր համաձայնություն, սակայն դիմում ներկայացնելուց հետո նորից միջոցներ չի ձեռնարկվել: Արդյունքում ընկերությունից բռնագրավվեց և Վլադիսլավ Մանգասարյանին հանձնվեց ընկերության վերջին’ մոտ $2,000,000 դոլար արժեցող գույքը: Այլևս անիմաստ է դարձել բողոքներ գրելը, դատարան դիմելը երբ պետության արդարադատությունը ինքնին կոռումպացված է: ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանը, Գլխ. Դատախազության դատախազ Լեռնիկ Հովաննիսյանը, վարչության պետ Գրիգոր Հովհաննիսյանը, Գլխ. Դատախազի օգնական Մնացական Սարգսյանը և Գլխ. Դատախազ Աղվան Հովսեփյանը հովանավորել են հանցագործությունը, գործը միտումնավոր ձգձգել, ստեղծել պայմաններ որևէ մեկին տուժող չճանաչելու և ընկերության ունեցվածքը իրենց հովանավորողներին հանձնելու նպատակով: Նրանց թողտվությամբ հանցագործներին հնարավորություն է տրվել շարունակաբար տարածքներ յուրացնել և խուսափել պատասխանատվությունից: Սա Հայաստանում տիրող կոռուպցիայի վառ դրսևորումն է:
Գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:
Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:
Հարկ եմ հայտնում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում:
Երկուշաբթի, Հոկտեմբեր 29-ին, առավոտյան 11:00-ին տեղի կունենա ինձ տուժող ճանաչելու դատական նիստը վերաքննիչ դատարանում: Այս գործի մանրամասներին կարելի է ծանոթանալ arincapital.com կայքից:
Հարգանքներով, Էդմոնդ Խուդյան, ԱՄՆ»: