ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ղեկավար ունի
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրենության նախագահ է նշանակվել Յուրի Գուսևը: Նման որոշում է ընդունել Բանկի Խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։
Բանկի նոր ղեկավարին այսօր Երևանում ներկայացրել է ՎՏԲ Բանկի Դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար – Ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը:
Նա նշել է, որ Յուրի Գուսևն ունի մեծ փորձ ֆինանսական բնագավառում: Նա հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ապահովելով արդյունավետ աշխատանք և բարձր ցուցանիշներ:
Յուրի Գուսևն աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից: 2009 թվականին նա նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնին, 2010 թվականից դարձել է Տնօրինության անդամ, իսկ 2012 թվականի փետրվարի 1-ից իրականացնում էր Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պարտականությունները:
«Մենք համոզված ենք, որ նրա ղեկավարությամբ հետագայում ևս ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն կզարգացնի իր բիզնեսը և կշարժվի դեպի առաջադրված հավակնոտ նպատակները: Ներկա պահին մենք ծրագրում ենք մշակել և վերամշակել բանկի զարգացման ռազմավարությունը առաջիկա 3-5 տարիների համար: Հուսով ենք, որ Յուրին ակտիվ մասնակցություն կունենա այդ հավակնոտ ռազմավարության թե մշակմանը, և թե հաջող իրականացմանը»,- նշել է Միխայիլ Յակունինը:
Մասնավորապես, նոր ռազմավարության շրջանակներում ծրագրվում է ապրանքատեսակների ակտիվ զարգացումը և հայկական շուկայում նոր ծառայությունների ներգրավումը: «Մենք ծրագրում ենք ծառայությունների ակտիվ զարգացում ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ հատվածում, այդ թվում՝ նաև ֆակտորինգ և այլն»,- ասել է Միխայիլ Յակունինը:
«Կա որոշակի զանգված, որտեղ մենք այդքան էլ ակտիվ չենք աշխատում` դա միջին բիզնեսն է: Եվ, ընդհանուր առմամբ, ՎՏԲ ռազմավարությունն այդ հատվածում ավելի ակտիվ ներգրավումն է: Այսօր մենք շուկայի այդ հատվածի համար նոր առաջարկ ենք մշակում հաջորդ տարվա համար: Մենք նաև կաշխատենք որոշումների կայացման և ռիսկերի գնահատման արագության վրա»,- հավաստիացրել է Յուրի Գուսևը:
«Շուկայական վարկավորման մասով մեր բիզնեսը բավականին ուժեղ է: Ներկայումս մենք ևս մեկ նոր գործիքի`սպառողական վարկավորման գործարկման հնարավորությունն ենք դիտարկում: Սակայն դա միայն հաջորդ տարվա ծրագրերն են»,- ասել է Յուրի Գուսևը: