Բաժիններ՝

Հզոր ենք, հզոր

«Ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանը վերջին ժամանակներում իրեն դրսևորեց որպես հզոր բանկային համակարգ ունեցող երկիր»,- այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով «ԱՊՀ Դրամական փոխանցումներ» անվանումը կրող համաժողովի բացման արարողությանը:

Նշենք, որ այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իր աշխատանքն է սկսել «ԱՊՀ Դրամական փոխանցումներ» անվանումը կրող համաժողովը, որի կազմակերպիչն է UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Կազմակերպիչների խոսքով՝ «այս միջազգային ֆորումը հանդիսանում է 2012թ. դրամական շուկայում հիմնական իրադարձությունը»:
Համաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր խոսքում նշեց, որ այս միջոցառման կազմակերպման գործընթացում մասնակցել են մի շարք երկրների կենտրոնական բանկերը, միջազգային կառույցները և բանկային բիզնեսի համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունները:
«Ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանը վերջին ժամանակներում իրեն դրսևորեց որպես հզոր բանկային համակարգ ունեցող երկիր: Ապացույցն այն է, որ, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում հայաստանյան բանկային համակարգը շարունակել է իր բնականոն գործունեությունը և կապիտալացման մակարդակը բարձր է եղել, ինչն էլ վկայում է այդ համակարգի ամրության մասին»,- ասաց Տ.Սարգսյանը:
UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Այրիյանն էլ նշեց, որ համաժողովի հիմնական նպատակն է՝ հավաքել բանկային համակարգում գործող շուկայի մասնակիցներին և միասին քննարկել առկա խնդիրները և առաջարկել նորանոր լուծումներ։ «Առանձին կարևորություն է տրվելու նոր տեխնոլոգիաների և դրանց կիրառման ճյուղերին, քանզի դրամական փոխանցումների շուկայում հիմնական մասնակիցները շատ բան կարող են պատմել այդ ոլորտում առկա խնդիրների և տրվող լուծումների մասին»,- իր խոսքում նշեց Ս. Այրիյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս