Սա ճկույթը կտրած դատապարտյալի 7-րդ ինքնավնասումն է

Վերջին օրերին մամուլում մեծ տարածում գտավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալների գործը:

Հիշեցնենք, որ նրանցից երկուսը կարել էին բերանները, մեկը կտրել էր ճկույթը և մյուս՝ չորրորդ դատապարտյալի նամակի հետ միասին ուղարկել «Հենարան» մամուլի ակումբ։

Ճկույթը կտրած դատապարտյալի` Կարեն Թառոյանի մասին տեղեկություններ ստանալու համար «Pastinfo.am»-ի թղթակիցը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարությունից «Pastinfo.am»-ի թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք «շրջագայել» Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Վարքագծի հետ կապված խնդիրներ ունենալու համար դատապարտյալի նկատմամբ բազմիցս խիստ նկատողություն է հայտարարվել: Դատապարտյալը քանիցս ենթարկվել է կարգապահական տույժերի, վերցվել է հաշվառման՝ որպես ինքնավնասման հակում ունեցող:

1982թ. ծնված, 6-ամյա կրթությամբ Կարեն Թառոյանը 2002-ի նոյեմբերի 11-ին առաջին անգամ դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Երկրորդ անգամ դատապարտվել է 2006թ. հունվարի 10-ին՝ ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասին 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Այսպես, 2008 թ. օգոստոսի 15-ին «Սևան» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել դատապարտյալին փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում 8 անգամ թույլ է տվել կարգապահական խախտում, իրեն դրսևորել է որպես բացասական վարքագիծ ունեցող, պահպանել հանցավոր ավանդույթները, չի ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելուց հետո վերջինս հրաժարվել է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում պատիժ կրել, անհիմն պատճառաբանելով, որ թշնամություն ունի դատապարտյալների շրջանում:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ. Թառոյանը դատապարտյալների հետ միջանձնային թշնամական հարաբերություններ չունի և խնդիրներն ընդհանուր են` կապված նրա վարքագծի, ապրելակերպի և անձնական պահվածքի հետ:

2008թ. դեկտեմբերի 5-ին Կ. Թառոյանը իր դիմումի համաձայն հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2009թ. մարտի 2-ին «Գորիս» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել փակ ուղղիչ հիմնարկից կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ, պատճառաբանելով, որ դատապարտյալը բնավորությամբ հանգիստ է, հաղորդակցվող, անմիջական և կենսուրախ, ձգտում է դրսևորել օրինական վարքագիծ:

ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի կիսափակ ուղղիչ հիմնարկ:

2010թ. նոյեմբերի 23-ին «Սևան» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ` հաշվի առնելով, որ դատապարտյալը բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, անկանխատեսելի, ագրեսիվ:

Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում թույլ է տվել կարգապահական խախտումներ, ինչպես նաև վերջինիս կողմից, արգելված առարկաներ ձեռք բերելու նպատակով, փորձ է արվել մոտենալ արգելագոտուն և անօրինական կապի մեջ մտնել քաղաքացիների հետ:

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2011թ. մայիսի 4-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելու վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին Կ. Թառոյանի ներկայացրած դիմումը մերժվել է և

վերջինս հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2011թ. հունիսի 22-ին Կ. Թառոյանը իր դիմումի համաձայն հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:

2012թ. սեպտեմբերի 26-ին «Հրազդան» ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել մեկ այլ փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում 20 անգամ թույլ է տվել կարգապահական խախտում, բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, դյուրագրգիռ, ունի ձևականության և ցուցադրականության մեծ ֆոն, և պատիժը կրելու ժամանակահատվածում կարողացել է Հրազդան քաղաքում կապեր հաստատել տեղի բնակիչների հետ, հաճախ փորձում է նրանց և իր կնոջ միջոցով ձեռք բերել արգելված իրեր` իր և մյուս դատապարտյալների համար:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, հետագա պատիժը կրելու վայրը որոշելու համար:

2012թ-ի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ ՔԾ կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 928 նիստի արձանագրությամբ հետագա պատիժը կրելու համար նշանակվել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ փակ տիպ:

2011թ. մարտի 24-ին Կ. Թառոյանը վերցվել է հաշվառման որպես ինքնավնասման հակում ունեցող:

2012թ. փետրվարի 2-ին վերցվել է հաշվառման՝ որպես թշնամություն ունեցող:

2012թ. հուլիսի 25-ին վերցվել է հաշվառման որպես ինքնավնասման հակում ունեցող:

Այսպիսով՝ Թառոյանը պատիժը կրելու ընթացքում նա 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի:

Այսպես՝
• 2006թ. նոյեմբերի 29-ին 2 օր անցկացրել է պատժախցում՝ առանց համապատասխան թույլտվության մասնաշենքից շինարարական տախտակները բնակելի գոտի բերելու համար,
• 2007թ. փետրվարի 17-ին 10 օր անցկացրել է պատժախցում՝ առավոտյան հաշվառմանը խոչնդոտելու և վարչական աշխատողների աշխատակիցների հետ վիճաբանության մեջ մտնելու համար,
• 2007թ. հուլիսի 6-ին Կարեն Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն հաշվառման ժամանակ աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար:
• 2007թ. սեպտեմբերի 4-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն՝ խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու համար. Նա մեկ այլ դատապարտյալից բջջային հեռախոս է վերցրել ու տեսադաշտից կորել:
• 2007թ. հոկտեմբերի 10-ին Կ. Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն՝ առավոտյան հաշվառմանը չներկայանալու համար:
• 2007թ. դեկտեմբերի 25-ին ևս հայտարարվել է նկատողություն կրկին նույն պատճառով՝ առավոտյան հաշվառմանը չներկայանալու համար:
• 2008թ. օգոստոսի 14-ին 15 օր անցկացրել է պատժախցում. Թառոյանի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել:
• 2008թ. օգոստոսի 14-ին Թառոյանի նկատմամբ կրկին նկատողություն է հայտարարվել՝ պատժախցում գտնվելու ժամանակ ինքնավնասում կատարելու համար:
• 2009թ. հունիսի 25-ին Կ. Թառոյանը 3 օր անցկացրել պատժախցում. նրա մոտ կրկին բջջային հեռախոս է հայտնաբերվել:
• 2009թ. հոկտեմբերի 19-ին 15 օր պատժախցում է անցկացրել ՝ առանց համապատասխան թույլտվության արտադրական գոտի մտնելու և իր մոտ բջջային հեռախոս պահելու համար:
• 2009թ. դեկտեմբերի 17-ին Կ. Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն՝ երեկոյան հաշվառմանը չներկայանալու համար:
• 2010թ. մարտի 9-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն՝ նրա մոտ կրկին բջջային հեռախոս է հայտնաբերվել:
• 2010թ. մարտի 16-ին 15 օր անցկացրել է պատժախցում դիտաշտարակի ուղղությամբ արգելագոտուն մոտենալու համար:
• 2010թ մայիսի 3-ին ևս 15 օր անցկացրել է պատժախցում բջջային հեռախոս պահելու համար:
• 2010թ. հուլիսի 16-ին 15 օր անցկացրել է պատժախցում քանակական հաշվառման ժամանակ հաշվառման հրապարակ մտնելուց հրաժարվելու համար:
• 2011թ. մարտի 11-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն իր մոտ բջջային հեռախոս հայտնաբերելու համար:
• 2011թ. մարտի 29-ին Կարեն Թառոյանի նկատմամբ հայտարարվել է նկատողություն՝ ինքնավնասում կատարելու համար:
• Նույն օրը՝ 2011թ. մարտի 29-ին նրա նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն ինքնավնասում կատարելու համար:
• Ինքնավնասում կատարելու համար Կ. Թառոյանի նկատմամբ խիստ նկատողություն է հայտարարվել նաև 2011թ. ապրիլի 13-ին:
• Հաջորդ օրը՝ 2011 թ. ապրիլի 14-ին նրա նկատմամբ կրկին խիստ նկատողություն է հայտարարվել ինքնավնասում կատարելու համար:
• 2012թ. հուլիսի 23-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում կատարել է ինքնավնասում` կտրել է ձախ ձեռքի ճկույթը:
• 2012թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կտրել է աջ ձեռքի ճկույթը:

Այժմ նախապատրաստվում են նյութեր:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս