Mail.ru-ի եկամուտը մեկ երրորդով աճել է
Mail.ru Group ընկերության հասույթն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 4.965 միլիարդ ռուբլի, որը 36.5%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Այս մասին նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ։
Վերլուծաբանները կանխատեսում էին ավելի քիչ՝ 33.5% աճ։
Այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով Mail.ru Group-ի հասույթն ավելի շատ է աճել՝ 44.4%-ով։ Սակայն զուտ շահույթի չափն ընկերությունը չի հրապարակում։
Ընկերության ամենահայտնի կայքերն ունեցել են այցելուների զգալի աճ։ Mail.ru պորտալի այցելուների թիվը կազմել է շուրջ 32 միլիոն մարդ, ինչը 16%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Իսկ «Одноклассники» սոցիալական ցանց ամեն ամիս այցելում է 21.8 միլիոն մարդ, որը 24 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարի։
Երրորդ եռամսյակում Mail.ru Group-ի հիմնական նորությունը Amigo բրաուզերի թողարկումն էր, որը համատեղելի է հիմնական սոցիալական ցանցերի հետ։ Ընկերությունը թողարկել է նաև «Mail.ru նորություններ» կոչվող հավելվածն՝ iPhone-ի, Android-ի և WP7-ի համար։
Mail.ru Group-ը ղեկավարում է երկու սոցիալական ցանց՝ «Одноклассники» և «Мой мир», բացի այդ, ունի համանուն փոստային ծառայություն։ Ընկերության կապիտալիզացիան 20 միլիարդ դոլար է։ Ամենախոշոր բաժնետերը Ալիշեր Ուսմանովն է (25.3%)։