«Մենք ամեն ինչ անելու ենք, որ նախագահական ընտրություններից առաջ բոլոր այս հանցավոր կառավարիչների դեմքերը բացվեն»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` խորհրդարանում իրենց ներկայությունը փոխել է ԱԺ մթնոլորտը: Ըստ նրա՝ իրենք յոթ պատգամավորներով կարողացել են մյուս պատգամավորներին «անկյուն քաշել»:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ նախագահական ընտրությունների ժամանակ իրենք կորոշեն ընտրակեղծարարների «բախտը»: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ նախագահական ընտրություններից առաջ բոլոր այս հանցավոր կառավարիչների դեմքերը բացվեն: Մեր ժողովուրդն արդեն գիտի, իհարկե, բայց արդեն փաստերով, անհերքելի փաստերով, հենց իրենց հաշվետվությունների վրա հիմնված փաստերով պետք է տեսնի, թե ինչ հանցագործ իշխանավորների հետ գործ ունի»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե քանի դեռ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ լռում է, ՀՅԴ-ից չեն բացառում, որ հիասթափվեն ու չունենան միասնական թեկնածու, չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ-ում կստեղծվի երկկուսակցական համակարգ, ինչի նախադրյալները եղան խորհրդարանական ընտրությունների դեպքում, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Դուք շատ մեծ օպտիմիստ եք: Ո՞ւր է նման բախտ, որ ՀՀ-ում ստեղծվի երկկուսակցական համակարգ: ՀՀ-ում կա մի կուսակցության՝ գողերի կուսակցության դիկտատուրան է, և այդ համակարգը գոյատևելու է այնքան ժամանակ ՀՀ-ում, մինչև հայ ժողովուրդը հանդուրժի այդ համակարգը: Եվ մեր բոլոր փնտրտուքները, նաև, այո՛, նախագահական ընտրությունների կոնտեքստում ստեղված է միայն մեկ հարցի ուղղությամբ՝ օգտագործել նախագահական ընտրությունների մոբիլիզացնող էֆեկտը մի նպատակով, որ մենք հարված հասցնենք այս իշխող ռեժմին, և կարողանանք այս գործից ազատել կողոպտիչներին»,- նշեց Լ. Զուրաբյանը: