«Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի կարծիքն է հայտնել». Զոյա Թադևոսյան

«Լևոն Զուրաբյանը պարզապես ՀԱԿ-ի կարծիքն է հայտնել, այնպես որ, չկիսել այս կարծիքը չեմ կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե՝ «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես՝ եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:

«Քաղաքական զարգացումներն, առհասարակ, հնարավորինի ու շատ հաճախ անհնարինի արվեստի դրսևորումներ են: Եթե քաղաքական այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, պահանջում է, պարտադրում է, որպեսզի  տարբեր քաղաքական ուժեր համագործակցեն գործող ռեժիմի դեմ պայքարելու համար, հետևաբար, դա պետք է արվի: Ես տարակարծություն ունենալ այս հարցում չեմ կարող»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Անդրադառնալով մեր հարցին, թե՝ ԲՀԿ-ն որքանո՞վ կարող է օգնել ՀԱԿ-ին`իր նշած «ռեժիմի» դեմ պայքարի հարցում, երբ ԲՀԿ-ն նախկինում այդ «ռեժիմի» մասն է կազմել, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ քաղաքական դաշտում նման վերադասավորումներ կարող են լինել: «Կարևորը նա է, որ քաղաքական ուժը ճիշտ ժամանակին վերանայի իր գործելաոճն ու գնա ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով: Կարծում եմ՝ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքական ուժ»,- պարզաբանեց Զ. Թադևոսյանը:

Մեր հարցին, թե արդյոք ՀԱԿ-ն այս դեպքում չի՞ դառնում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի որակած` «այս կամ այն քաղաքական ուժի կցորդը», Զ. Թադևոսյանը պատասխանեց. «Նման մեկնաբանություններն ատելությունից, չկամությունից են արված: Սա սխալ կարծիք է»:

 

Տեսանյութեր

Լրահոս