Ո՞ւմ էր նայում Տարոնը՝ JOSE մտնելիս

Հայաստանի պետական պաշտոնյաներն ու իշխանական քաղաքական գործիչները շատ են սիրում իրենց ճառերում խոսել պատասխանատվության մասին, ասում են, որ յուրաքանչյուրն` անկախ քաղաքական, սեռային ու սոցիալական պատկանելությունից, պետք է արժանի պատիժ կրի, եթե խախտել է օրենքը:

Այդ թեման նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո հիթային է դարձել. անգամ իշխանական լրատվամիջոցներն են խոսում սանձարձակ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, անպատժելիությունը վերջապես արմատախիլ անելու մասին: Սրանք, կրկնում ենք, ելույթային, հռչակագրային թեզեր են, որոնք հօդս են ցնդում ցանկացած կոնկրետ իրավիճակում: Հենց այդպիսի իրավիճակ էր այսօր Երևանի Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով 11 մարդ վնասվածքներ է ստացել, որոնցից 2-ը գտնվում են ծանր վիճակում:

Ըստ մասնագետների նախնական գնահատման՝ փլուզման պատճառը շինարարների թույլ տված կոպիտ սխալն է. 18 մետր թռիչք ունեցող ծածկի տակ չեն նախատեսել սյուներ` այդպիսով ցանկանալով ստանալ ընդարձակ և ամբողջական սրահ: Ըստ նույն մասնագետների` յուրաքանչյուր 6 մետրի վրա պետք է լինեին պահող սյուներ: Խնդիրը, սակայն, շինարարները չեն, ավելին` հիմա բոլորին ձեռնտու կլինի կատարվածի ողջ մեղքը բարդել շինարարների վրա: Պատահական չէ, որ կատարվածից ընդամենը մի քանի ժամ հետո Երևանի քաղաքապետարանը շտապեց տեղեկացնել, որ Խանջյան 20 հասցեի կիսակառույցի  շինարարությունը ժամկետների առումով ապօրինի է:

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը լրատվամիջոցներին ասել է, որ այս պահին սեփականատերը «շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել»: Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատողին տրված թույլտվության ժամկետն ավարտվել էր այս տարի, ինչից հետո սեփականատերը չի դիմել քաղաքապետարան` ժամկետը երկարացնելու համար:

Ավելին` Երևանի քաղաքապետարանն իրեն ի սկզբանե «ապահովագրել» է նաև նրանով, որ ժամկետի դադարեցումից հետո նախկինում շինթույլտվություն ստացած «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ները տուգանվել են երկու միլիոն դրամով, և  կազմվել է արձանագրություն: Սա խնդրի, այսպես ասած, ֆորմալ կողմն է: Փաստն այն է, որ չնայած Երևանի քաղաքապետարանի «թղթաբանական մաքրությանը» (եթե, իհարկե, դա համապատասխանի իրականությանը), կիսակառույցի շինարարությունը շարունակվել է: Դա կատարվել է Երևան քաղաքի կենտրոնում, մարդկանց, Երևանի քաղաքապետարանի ստուգող ու տուգանող աշխատակիցների աչքի առաջ:

Ավելին, այդ կիսակառույցը գտնվում է անմիջապես JOSE ժամանցի համալիրի կողքին, և, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ պատկանում է հենց նրա սեփականատիրոջը, ով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է, վերջինիս հայտնի «Bentley» ավտոմեքենան նվիրողը: Այսինքն` կիսակառույցի սեփականատերը հայաստանյան իշխանական վերնախավի «ախպերներից» է, նրանց հետ նստող-վեր կացող մեկը:

Բացի այդ, JOSE համալիրում է վերջին շրջանում տեղի ունենում իշխանական խրախճանքների մեծամասնությունը: Ավելին` երկու շաբաթ առաջ «Էրեբունի-Երևան» տոնակատարության հյուրերի, այդ թվում՝ այդքան աղմուկ հանած ռուս կիսամերկ երգչուհիների պատվին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ հյուրասիրություն է կազմակերպվել հենց JOSE համալիրում, ինչի համար, ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Երևանի քաղաքապետարանը վճարել է շուրջ 20 մլն դրամ: Այս դետալները նշում ենք՝ ցույց տալու համար, որ անձամբ Երևանի քաղաքապետը չէր կարող տեղյակ չլինել, որ այդ վայրում ապօրինի շինարարություն է իրականացվում: Ավելին, բացառված չէ, որ JOSE այցելելիս Տարոն Մարգարյանը նաև հետևած լինի այդ շինարարության ընթացքին:

Այսինքն` գործ ունենք շատ կոնկրետ դեպքի հետ, որը մեկ տասնյակից ավելի մարդկանց ողբերգության պատճառ է դարձել: Որևէ պատասխանատվության կենթարկվի՞ արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կատարվածի համար: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Սա Մաշտոցի պուրակը չէ, որ Սերժ Սարգսյանը նրան ասի՝ «Տարոն ջան, սիրուն չի»:

Այսքանից հետո Սերժ Սարգսյանի` արդարություն հաստատելու, բոլորին օրենքի առաջ հավասար դարձնելու հայտարարությունները փլվում են այնպես, ինչպես Խանջյան 20 հասցեի կիսակառույցը:

Իշխանությունը կատարվածը կարող է օգտագործել հետագա PR կամպանիաների համար: Ասենք, եթե որոշում կայացվի 2013 թվականի գարնանը Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի փոխարեն քաղաքապետ դարձնել մեկ ուրիշին, «համապատասխան մարմինները» կարող են հիշել այս միջադեպը և «պարզել», որ ողբերգությունը տեղի է ունեցել Տարոն Մարգարյանի հանցավոր անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում:

Վազգեն Խաչիկյանի ականջը կանչի:

 

 

Տեսանյութեր

Լրահոս