Հասմիկ Կարապետյանը Գարիկի հետ վարում է «Առավոտը «Շանթում»» ծրագիրը
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը կրկին հաղորդում է վարում: Դեռևս օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ պատրաստվում է վերադառնալ հեռուստատեսություն՝ հաղորդավարուհու կարգավիճակով:
Հասմիկ Կարապետյանն այս անգամ հաղորդում կվարի «Շանթ» հեռուստատեսությունում՝ «Առավոտը «Շանթում»» ծրագրի շրջանակներում: Երգչուհին առավոտյան հաղորդումը վարում է «Վիտամին» ակումբի Գարիկի հետ:
«Իմ կրկին եթերում հայտնվելը պայմանավորված էր ոչ իմ որոշմամբ: «Շանթ» հեռուստաընկերությունն ինձ առաջարկեց համագործակցել: Ես էլ համաձայնվեցի մեծ հաճույքով, քանի որ արդեն կարոտել էի եթերը, և ամենաուրախալին այն փաստն է, որ իմ հեռուստադիտողն ինձ կարոտում էր: Նրանք բազմիցս ինձ թե նամակների, թե զանգերի միջոցով տեղեկացրել են այդ մասին: Իսկ «Վիտամին» ակումբի և իմ ընկերոջ՝ Գարիկի հետ այս ծրագիրը վարելը շատ հաճելի է»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Կարապետյանը:
Երգչուհու խոսքով, Գարիկի հետ երկար տարիների ընկերությունն է միմյանց կապում, բացի դա, ունեն նույն երաժշտական ճաշակը, նույն դիրքորոշումները, աշխարհայացքը:
«Առաջին եթերը մի քիչ անսովոր էր ինձ համար: Լարված էի, դա բնական է, երկար ժամանակ չեմ եղել հաղորդավարուհու կարգավիճակում: Բայց արդեն երկրորդ եթերից ամեն բան ընկավ իր հունի մեջ: Ես իմ հեռուստադիտողին աշխատանքի ընթացքում միշտ փորձել եմ փոխանցել դրական լիցքեր, սեր, բարություն, անմիջականություն, հումոր: Փորձել եմ թեթևացնել մարդկանց՝ հոգսերից ծանրացած առօրյան, թեկուզ կարճ ժամանակով: Վստահ եմ, որ դա ինձ մոտ երբեմն ստացվել է: Էկրանից շատ լավ է երևում սուտը, զգացվում է, թե ով` ով է: Իմ հաջողության գրավականն, իմ կարծիքով, այն է, որ ես էկրանից այնպիսին եմ, ինչպիսին որ կյանքում եմ: Կեղծիքը վանում է»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:
Երգչուհու խոսքով, ինքը դեռ շատ անակնկալներ ունի իր հանդիսատեսի համար: Ի դեպ, Հասմիկ Կարապետյանին մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել «Շանթ» հեռուստաընկերության մի շարք երաժշտական ծրագրերում ևս: