
Ռուսաստանին սպառնում է ազգային ոչնչացո՞ւմ

Ռուսաստանում գործող ռազմավարական զարգացումների կենտրոնը պատրաստել է նոր զեկույց` ռուսաստանցիների քաղաքական տրամադրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բողոքական շարժումը թուլանում է, սակայն իջնում է նաև իշխանության վստահության վարկանիշը:
Զեկույցի հեղինակները ներկայացրել են Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մի քանի տարբերակ: Նրանք բացառում են նոր ձևավորվող քաղաքական ուժերի կողմից զինված ապստամբության կամ թավշյա հեղափոխության իրականացման հնարավորությունը: Առաջին հավանական տարբերակը, որ քննարկվում է զեկույցում, անհնազանդությունն է, որը կարող է առաջանալ որոշակի սոցիալական և տնտեսական խնդիրների առաջացման պատճառով: Հեղինակները նշում են, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի հետևանքներն անկանխատեսելի են:
Երկրորդ տարբերակն այն է, որ իշխանությունն այդ նույն խնդիրների կամ հասարակական ճնշման տակ կարող է գնալ ինքնավերափոխման: Զեկույցի հեղինակները պարտադիր չեն համարում, որ այս տարբերակի դեպքում նախագահը կփոխվի, սակայն հավանական են համարում վարչապետի փոփոխությունը:
Բայց ամենահավանականը համարվում է ազգային ոչնչացման տարբերակը, որը կարող է տեղի ունենալ ալկոհոլիզմի խորացման, աշխատանքային հմտությունների կորստի, ծնելիության նվազման, աշխատանքային ներգաղթյալների թվի մեծացման և նման այլ գործոնների ազդեցության տակ:
Պաշտոնական Կրեմլը համաձայն չէ զեկույցի հեղինակների գնահատականների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք չեն կիսում հեղինակների հոռետեսությունը, հատկապես, որ դրա տակ չկան իրական հիմքեր: