Դժբախտ պատահար Դավիթաշենում, վերելակը 17-րդ հարկից ընկել է. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ԱԻՆ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, և հրշեջ փրկարարների 2 մարտական հաշվարկ: Նշված շենքը 20 հարկանի է, և, ըստ նախնական տեղեկությունների, վերելակը ընկել է նկուղ 17-րդ հարկից: Երկու հոգի մահացել են: Նրան կլինեն մոտ 40-45 տարեկան տղամարդիկ, իսկ երկու հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց: Արդեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր փորձում են պարզել մահացածների ինքնությունները:
Դեպքի վայր են ժամանել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ԱԻՆ տեխնիկական անվտանգության Երևան քաղաքի ծառայության պետ Վլադիրմիր Հովսեփյանն ու Երևանի փրկարարական վարչության Աջափնյակի բաժնի պետ Արման Խաչատրյանը, ովքեր այս պահին փորձում են պարզել դժբախտ պատահարի մանրամասները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներն են Խաչիկ Եփրեմյանն ու Գևորգ Սաֆարյանը, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վերելակը գործել է անօրինական, ինքնաշեն է եղել և համապատասխան փորձաքննություն չի անցել, հետևաբար, պատասխանատվությունն ընկնում է շենքը կառուցող կազմակերպության վրա: