Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունը իրականում հանգեցրել է «բազում խնդիրներ հարևանների հետ» իրավիճակին. Ստյոպա Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հոկտեմբերի 22-23-ը մասնակցել է Արտաքին քաղաքականության Բեռլինյան 2-րդ ֆորումին, իսկ ավել վաղ հոկտեմբերի 11-12-ին զեկուցումով հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության, եւ Միացյալ Թագավորության ԱԳ, ՊՆ նախարարությունների կողմից Վիլթոն Պարկում կազմակերպված «Սովորական սպառազինությունների վերահսկողությունը և եվրաատլանտյան անվտանգության միջավայրը» կոնֆերանսին:

Բեռլինյան ֆորումում քննարկվել են ԵՄ ներքին խնդիրները, Մերձավոր Արևելքի, Սիրիայի ճգնաժամը, Թուրքիայի ներգրավվածությունը այդ գործընթացներում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, ՌԴ արտաքին ու ներքին քաղաքականությունները Պուտինի երկրորդ նախագահության շրջանում, Չինաստանի տեղն ու դերը գլոբալ աշխարհակարգում: Ելույթ ունենալով Մերձավոր արեւելքում Թուրքիայի դերակատարմանը նվիրված նիստում, Սաֆարյանը անդրադարձել է Կիպրոսի, Իսրայելի, Սիրայի, Իրաքի, Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների աննախադեպ վատթարացմանը, մեծ տեղ հատկացնելով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցերին:

«Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունը իրականում հանգեցրել է «բազում խնդիրներ հարևանների հետ» իրավիճակին և վկայում է Թուրքիայի մեծ հավակնությունների ու համեստ հնարավորությունների մասին: Այս իրավիճակում Թուրքիայի հետագա ներգրավվածությունը տարածաշրջանային գործերում, ինչի մասին ակնարկում են որոշ թուրք գործընկերներ, կնշանակի Թուրքիայի ներքաշում բազում հակամարտություններում»,- նշել է Սաֆարյանը:

Վիլթոն Պարկում կովկասյան տարածաշրջանին նվիրված նիստում Սաֆարյանը զեկույց է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ խոսելով Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը կանգնեցնելու, միջազգային քվոտաների խախտմամբ սպառազինություն ձեռքբերելու, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման միջոցով բանակցային գործընթացը վտանգելու եւ փխրուն խաղաղությունը սադրելու քաղաքականության մասին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս