Փլուզման պատճառը շինարարական նորմատիվների արհամարհումն է (լուսանկարներ)
168.am-ի տեղեկություններով` Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի սեփականատերը Մհեր Ավետիսյանն է, ով այժմ գտնվում է փախուստի մեջ: Վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է, JOSE ռեստորանային համալիրի նախկին սեփականատերը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համալիրը վաճառվեց մի քանի մարդկանց: Մամուլում սեփականատերերի շարքում նշվում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի անունը:
Ըստ մասնագետների`Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի նախնական գնահատման փլուզման պատճառը շինարարների թույլ տված կոպիտ սխալն է. 18 մետր թռիչք ունեցող ծածկի տակ չեն նախատեսել սյուներ` այդպիսով ցանկանալով ստանալ ընդարձակ և ամբողջական սրահ: Ըստ նույն մասնագետների` յուրաքանչյուր 6 մետրի վրա պետք է լինեին պահող սյուներ:
Հնարավոր է, որ նման շինարարական խոտանի պատճառը ոչ թե նախագծողն է կամ շինարարները, այլ շինարարության պատվիրատուն: Հայկական իրականության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ շինարարության պատվիրատուն շինարարներին ստիպում է շեղվել նախագծից. ես եմ փողը տալիս, իմ ուզած ձևով էլ պետք է կառուցեք` տրամաբանությամբ: Շինարարներն էլ, ստիպված, պատվերը չկորցնելու համար գնում են շինարարության հայտնի նորմատիվների խախտման, որոնք հանգեցնում են նաև այսպիսի ողբերգական ավարտի: Նշվում է, որ նաև կառույցի սեփականատերերը խնայողություն են արել շինանյութերի վրա: Թերևս այս հարցերն են պատճառը, որ կառուցապատող Մհեր Ավետիսյանը փախուստի մեջ է գտնվում: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն այս կառույցի համար տվել էր իր թույլտվությունը:
Լուսանկարները` Սերժ Դավիդովի