Խորհրդարանական ընտրություններում պարոն Ծառուկյանին «կոտրել» չհաջողվեց

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե այսօր նախընտրական ինտրիգը ԲՀԿ թեկնածուն է:

«Նախընտրական պայքարը մեկնարկել է: Սկսել է կուլիսային պայմանավորվածությունների շրջանը:  Այն, որ իշխանական դաշտից կառաջադրվի գործող նախագահը, ենթադրելի է: Ամենամեծ ինտրիգը ԲՀԿ-ն է, թե ինչպես «Բարգավաճը» կմասնակցի ընտրություններին. կառաջադրի՞ ԲՀԿ-ն իր թեկնածուին, թե՞ կսատարի գործող նախագահին: Նշեմ, որ ԲՀԿ-ն, սակայն, շատ է ձգձգում իր մասնակցության ֆորմատը: Պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներն այս պահին ակնհայտ են: Խոսել այն մասին, թե կստացվի՞ «կոտրել» պարոն Ծառուկյանին, թե՞ ոչ, կարծում եմ, չարժե, որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ դա, ինչպես տեսանք, չհաջողվեց»,- ընդգծեց քաղաքագետը:

Ալ. Իսկանդարյանի դիտարկմամբ`եթե ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին, մրցակցությունն ակնհայտ կլինի, հակառակ դեպքում՝ արդյունքները կանխորոշված կլինեն:

Անդրադառնալով ՀԱԿ-ին, Ալ. Իսկանդարյանը նշեց, որ ՀԱԿ-ը հնարավորություն չունի պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, եթե, իհարկե, իր ուժերը չմիավորի ԲՀԿ-ի հետ: Ըստ նրա, ՀԱԿ-ն այսօր իրենից վտանգ, լուրջ մրցակից չի ներկայացնում Սերժ Սարգսյանի համար: «Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը 7% ձայն է հավաքել, եթե անգամ կրկնակին էլ հավաքի, սպառնալիք նախագահի համար չի հանդիսանա: Միակ թեկնածուն, ով կարող է մրցակից լինել Սերժ Սարգսյանին, իմ կարծիքով, Գագիկ Ծառուկյանն է: ՀԱԿ-ը կշահի, եթե սատարի ԲՀԿ թեկնածուին»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա այն հայտարարությանը, թե կոալիցիոն հուշագիրը գործուն փաստաթուղթն է, որով Գ.Ծառուկյանը պարտավորվել է 2013թ. նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քաղաքագետը շեշտեց, որ ամեն դեպքում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հուշագիր ունենալու ցանկությունը ՀՀԿ-ինն է:

Իսկ ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրմանը, ապա, քաղաքագետի խոսքով, դա այնքան էլ հավանական տարբերակ չէ, թեև բացառել նույնպես չի կարող. «Կարծում եմ, որ հենց կուսակցության ներսում այս իմաստով տարաձայնություններ կան, քանի որ կան մարդիկ, որոնք դեմ են Օսկանյանի թեկնածությանը, և` հակառակը»,- հավելեց Ալ. Իսկանդարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս