«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կլուծվի այն դեպքում, երբ երկու երկրներում հաստատվի ժողովրդավարություն»

Ավստրալիայի ամենամեծ նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը ոչինչ չի տա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը. «Միջազգային հարաբերություններում դերակատարություն ունեն միջազգային իրավունքի ենթակաները: Ես սրտանց ուրախ եմ, երբ որևէ գյուղակ աշխարհի որևէ երկրում ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային իրավունքի ենթակաները վերաբերմունք դրսևորեն, որովհետև այլապես՝ այլ որակի, այլ մակարդակի դրսևորումներ են՝ շատ ավելի բարձր կամ ցածր: Ես ցածր ասելով` նկատի ունեմ նրա միջազգային կարգավիճակը, դերակատարություն չունեն»,- նշեց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ եթե որևէ երկրի նահանգ կարողանա իր դիրքորոշումը դարձնել իր պետության դիրքորոշումը, ապա դա կարող է հուսադրող լինել:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ «ՄԱԿ-ին միանալիս Հայաստանը պետք է վերապահում աներ: Հայաստանը պիտի ասեր՝ եթե դա է իմ սահմանը, ուրեմն այն Արցախը, որ մեր հետ է եղել դեկտեմբերի որոշումով, ուրեմն` մենք էլ ճանաչում ենք նրա անկախությունը: Ի վերջո, Հայաստանը կարող էր նաև ՄԱԿ-ի անդամ չդառնալ»:

Պարույր Հայրիկյանը պնդում է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտի Արցախի ինքնորոշմանը. «Արցախի անունից որևէ միջազգային բանակցության գնալը Հայաստանի կողմից Արցախի շահերը պաշտպանելու հիմնավորումով՝ Արցախի ինքնորոշման ոտնահարում է: Եթե պայքարում ես Արցախի ինքնորոշման համար, դու պետք է տեղեկացնես աշխարհին, որ բանակցային գործընթացին կողմ ենք, բայց, քանի որ հակամարտության կողմն Արցախն է, առաջիկա երեք ամիսների ընթացքում Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից, և գործընթացին կմասնակցի Արցախը»: Ըստ Պարույր Հայրիկյանի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կլուծվի այն դեպքում, երբ երկու երկրներում հաստատվի ժողովրդավարություն:

«Մենք գործ ունենք կիսատ-պռատ ժողովրդավարության հետ՝ Հայաստանում, և ընդհանրապես ոտնահարված ժողովրդավարության հետ՝ Ադրբեջանում: Այսպիսի երկրների միջև հաշտություն կայացնելը գրեթե անհնար է»,- ասաց ԱԻՄ նախագահը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս