ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Հիշեցնենք, որ նախագծի համաձայն, 2013թ. հունվարի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ՝ ներկայիս 32.5 հազարի փոխարեն։
ՀԱԿ-ը դեմ է քվեարկել օրինագծին։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ 2500 դրամանոց բարձրացումը ծաղր է ժողովրդի նկատմամբ։ Նույն պատճառով դեմ է քվեարկել նաև «Ժառանգությունը». Զարուհի Փոստանջյանը 2500 դրամը համարել է նվաստացնող գումար։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ այդ չափի ավելացումն անընդունելի է, սակայն հաշվի առնելով, որ քաղաքացիներից շատերի համար այդ գումարը կարող է անհրաժեշտ լինել, խմբակցությունը ձեռնպահ կմնա քվեարկությունից: ՀՅԴ և ՕԵԿ ներկայացուցիչները ելույթի հնարավորություն չեն ստացել։
Օրինագիծն ընդունվել է ձայների 67 «կողմ», 7 «դեմ», 25 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։