
Քոքոբելյանն աղտոտում է բնությունը

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Տավուշի մարզի Գետահովիտ և Ենոքավան գյուղերի տարածքում կառուցված «Խաչաղբյուր 1» և դեռևս կառուցվող «Խաչաղբյուր 2» հէկ-երը էկոլոգիական լուրջ վտանգ են ներկայացնում: Մասնավորապես` վտանգի տակ է կարմրախայտ ձկնատեսակի գոյությունն այդ տարածքում, քանի որ ձկների համար նախատեսված անցումը չի գործում, ինչը հէկ-ի տնօրինությունը բացատրում է վթարով: Մինչդեռ Փոստանջյանը կասկած հայտնեց, որ նման անցում ընդհանրապես չի եղել: Ի պատասխան, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, թե «Խաչաղբյուր 1»-ի մասով ուսումնասիրություն չի իրականացվել, կառուցվող «Խաչաղբյուր 2»-ի մասով ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, բայց հայտնաբերվել են նախագծային շեղումներ:
Այս հարցուպատասխանն այնքան էլ հետաքրքիր չէր լինի, եթե այս 2 հէկ-երն էլ չպատկանեին «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: Չնայած կա տեսակետ, որ Քոքոբելյանը «Խաչաղբյուր 2»-ը վաճառել է, նախապես իմանալով, որ դրա կառուցումը կարող է արգելվել, և այն կարող է ապամոնտաժվել: Պարզվում է, որ էկոլոգիական աղետի հեղինակը Խ. Քոքոբելյանն է, և հայրենի բնությունը վնասվել է հանուն նրա շահերի սպասարկման: Իհարկե լավ է, որ Փոստանջյանը բացահայտում է Քոքոբելյանին պատկանող հէկ-երի պատճառով բնությանը հասցվող վնասները, պաշտպանում է տեղի բնակչության շահերը: Վատն այն է, որ նա այդ մասին հիշել է միայն հիմա, երբ Քոքոբելյանի և «Ժառանգության» միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ, և Քոքոբելյանին զրկել են խմբակցության անունից հանդես գալու իրավունքից:
«168 ԺԱՄ»